Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները շարունակվում են: Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր իր ելույթում խոսել է անհանդուրժողականության և ռասիզմի մասին: «Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է, եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք»,-հայտարարել է պատգամավորը՝ պատահական չհամարելով երեկ ԵԽԽՎ-ում Լեյլա Յունուսի այն հայտարարությունը, որ դիկտատոր Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե կրկին ընդամենը պետք է խոսել, բերել այլատյացության օրինակներ, իսկ հետո մտահոգ դեմքով բանաձեւ ընդունել՝ կրկին առանց որևէ գործնական քայլ անելու, ընդամենն ավելանալու է հերթական մեռելածին բանաձեւերի թիվը: