Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից հետո մասնակից պետությունների ղեկավարներն ուղևորվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով միջազգային համաժողովը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը: Այնուհետև Հայաստանի վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների և Իրանի ու Մոլդովայի նախագահների հետ ծանոթացել է «Թումո» կենտրոնի գործունեությանը:
Երևանում կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ղեկավարները: Բելառուսի, Իրանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Մոլդովայի նախագաhները Հայաստանում են երեկվանից: Իսկ ահա Ռուսաստանի նախագահը գործընկերներին է միացել այսօր՝ կեսօրից հետո: Բաղրամյան 26-ում նախ կայացել է Բարձրագույն խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով նիստը, որին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցել է նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը: Մոլդովայի նախագահը մասնակցել է որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: Նիստի ավարտն ազդարավել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմամբ: Որոշում է կայացվել հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում:
Երկու օր է իրավիճակը լարված է Արարատի մարզում: Բնակիչների մի մասը պահանջում է մարզպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականը, մյուս մասն էլ հանդես է գալիս ի աջակցություն մարզպետի: Այսօր առավոտից էլ իրավիճակը լարվել է մարզպետարանում: Բանն այն է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը կասեցրել է Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները՝ վերջինի արձակուրդում գտնվելու ընթացքում, առանց նրան ծանուցելու: Իսկ համայնքի ավագանու անդամ Արտակ Հարությունյանին նշանակել է համայնքապետի պաշտոնակատար: Նորաշեն համայնքը բաժանվել է երկու մասի: Գյուղացիների մի մասը ակցիաներ է սկսել՝ մարզպետի որոշումը չեղարկելու պահանջով, մյուս մասն էլ գտնում է, որ որոշումն օրինական է: Օրվա ընթացքում նաև բախումներ են եղել, կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ գյուղապետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանը:
Հոկտեմբերի մեկը տարեցների միջազգային օրն է: Այսօր Նորքի տուն-ինտերնատ է այցելել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, շնորհավորել տարեցների տան բնակիչներին: Նա նաև մասնակցել է ինտերնատի՝ անկողնային հիվանդների համար նախատեսված, նորոգված հարկաբաժնի բացմանը, ներկա գտնվել տոնական ճաշկերույթին: «Սիրելի տատիկ-պապիկներ, բոլորդ երիտասարդ եք, որովհետև տարիքն ընդամենը թիվ է, կարևորը տրամադրությունն է և ապրելու, ստեղծագործելու ցանկությունը: Ես հույս ունեմ, որ այստեղ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են ձեր՝ լիարժեք կյանքի ու արժանապատիվ խնամքի համար: Մենք շարունակում ենք բարելավել մեր ծրագրերը»,-ասել է նախարարը:
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը քաղաքական դիտավորություն է, որն անընդունելի է»,- հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը՝ ամփոփելով Սոչիում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: Պատգամավորը մանրամասներ է ներկայացրել իր ելույթից, պատմել, թե ինչպես են դրան արձագանքել թուրք և ադրբեջանցի պատվիրակները: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ավելի վաղ` Թուրքիայում անցկացված նիստում գրանցված միջադեպին: Հիշեցնենք՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, հարթակն օգտագործելով, խոսել էր Արցախի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն արժանացել էր Էնֆիաջյանի կոշտ արձագանքին:
Ազգային ժողովում մեկնարկել է երրորդ նստաշրջանի երկրորդ քառօրյան: Օրակարգում 14 հարց է, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագիծը: Քննարկված փաթեթներից մեկով կառավարությունն առաջարկում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: «Օրենքը հնարավորություն կտա մարզպետների գործունեությունն ավելի հստակ ու առարկայական դարձնել»,-ասել է Տարածքային կառավարման փոխնախարարը : Նրա տեսակետը չեն ընդունել ընդդիմադիրները: Ոմանց կարծիքով ,առհասարակ, պետք է մարզպետարանները լուծարել: «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկել է գտնել ոսկե միջինը:
«Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»,- Բաղրամյան 26-ում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հասան Ռոհանին: Հայաստանի վարչապետը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Ռոհանին և Փաշինյանը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում գործակցության ընդլայնման առաջարկություններ: Անդրադարձ է եղել նաև երկաթուղային, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում գործակցությանը: Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Մոլդովայի և Ղազախստանի նախագահներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv