Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված բոլորի սիրելի Մոնումենտցի Կյաժը կդառնար 22 տարեկան: Օրվա առթիվ Եռաբլուրում հանգչող Ռոբերտի շիրիմին այսօր խնկարկել են նրա ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու սխրանքը գնահատող քաղաքացիները: Եռաբլուրում է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:
Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը բավականին բուռն է անցել: Խորհրդարանը չի ընդունել Կառավարության ու պատգամավորների ներկայացրած օրինագծերի զգալի մասը: Գործադիրի որոշ նախագծեր չեն ընդունվել Գալուստ Սահակյանի չքվեարկելու պատճառով: Իսկ նիստը սկսվել է խորհրդակցությամբ՝ ինչպես անել, որ քառօրյայում ընդգրկված մնացած նախագծերն ընդունվեն: Հաշվի առնելով, որ կառավարության առաջարկով նոյեմբերի 21-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է Բյուջեի նախագծի հետ օրակարգում ընդգրկել նաև «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ առաջարկել է պատգամավորների ստորագրահավաքով արտահերթ նիստ գումարել բյուջեի քվեարկությանը հաջորդող օրը:
Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա շրջանակում բացվել է կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառ : Գործ փնտրողներն այնտեղ ինքնակենսագրական թողնելով՝ երբեմն անսպասելի աշխատանքային առաջարկ են ստացել: Այս տարի էլ էքսպոյին ներկայացել են մի քանի տասնյակ խոշոր կազմակերպություններ, բուհեր՝ ուսանողներին առաջարկելով մասնագիտական դասընթացներ, աշխատանք փնտրողներին էլ՝ հարմար գործ: Հետաքրքրությունը, կազմակերպիչների խոսքով, աշխատանք փնտրողներին էքսպո է բերել վաղ առավոտից է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է պատրաստել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին։ Զեկույցն անգլերեն է, կներկայացվի միջազգային կառույցներին։ Օմբուդսմենը վստահ է, որ միջազգային քննարկումներին պետք է ներգրավված լինեն նաև Արցախի ՄԻՊ-ն ու քաղաքացիական հասարակությունը, քանի որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության հարցի հետ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Ռաֆթինգի հայկական թիավարության ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք Ուկրաինայում կայացած պարա ռաֆթինգի աշխարհի առաջնությունում նվաճել են չեմպիոնական տիտղոսներ: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է մեր չեմպիոններին, նրանց հանձնել դրամական պարգևներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv