ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է պարետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ հարցադրումներ:
Տեսչական մարմիններն այսօր կասեցրել են մի շարք օբյեկտների գործունեությունը: Դրանց թվում եղել է նաև Երևանում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնը, որտեղ լիարժեք չեն պահպանվել պարետատան սահմանած կանոնները: Ամենահաճախ հանդիպող խախտումներն են դիմակի ոչ ճիշտ կրելը, հանրային սննդի օբյեկտներում այցելուների սոցիալական հեռավորությունը չպահպանելը, իրացման ցանցերում ջերմաչափման ու ախտահանման գրանցամատյանների լրացման թերությունները:
Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի երկրորդ դեպքը: Պացիենտը 9 տարեկան է, կորոնավիրուսի վարակակիր: Երեխայի վիճակն արդեն կայուն է: Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչպես է հիվանդացել 9-ամյա երեխան, երբ նախարարի խոսքով՝ այդ հիվանդությունը հանդիպում է մինչև 5 տարեկանների մոտ: Սարգսյանն ասել է, որ մոտ 10 հոգու հաշվարկով դեղորայք է ձեռք բերվել: Իսկ երկրում ըստ նրա՝ 1000-ից ավելի կորոնավիրուսով վարակված երեխա կա:
Միքայել Մելքումյանը կորոնավիրուսից տուժած ոլորտներին հարկային արձակուրդ տալու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել: Պատգամավորը խորհրդարանում իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ այս ոլորտների բիզնեսները զգալի տուժել են, բայց դրանց ընդամենը տասը տոկոսն է սոցիալական աջակցություն ստացել: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են արտակագ դրության հետևանքով բերված ևս մի քանի նախագծեր: Դրանց թվում է Մելքումյանի ներկայացրած օրավարձով աշխատողներին ստվերից հանելու մասին օրինագիծը:
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2019 թ. բյուջեի կատարողականը: Հերթական անգամ պատգամավորները լսել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Անկախ կորոնավիրուսից՝ ճանապարհաշինական աշխատանքները շարունակվելու են»,- վստահեցրել է Պապիկյանը: Նախարար Խաչատրյանն էլ անդրադարձել է տնտեսության ամենախոցելի ոլորտին՝ գյուղատնտեսությանը: Պատգամավորները քննարկման առարկա են դարձրել նաև պարենային անվտանգության հարցը:
Պարետի որոշումը խախտելու՝ դիմակ չկրելու պատճառով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից ոստիկանները բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին: Արձանագրություն կազմելուց հետո Մանուկյանին բաց են թողել, սակայն նա ոստիկաններին ասել է,որ չի պատրաստվում դիմակ կրել:«Ամբաստանյալի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել»,- հայտարարել է դատավոր Մեսրոպ Մակյանը և հետաձգել գործի քննությունը:
Երեկ մի խումբ անձինք Իրանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց բողոքի ակցիա են արել ընդդեմ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման: Ցուցարարները պաշտոնական Երևանից պահանջել են վերանայել այդ որոշումը և ի նշան բողոքի՝ այրել են Իսրայելի դրոշը: Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Իրանից Հայաստանին հղվող նման ուղերձները հարիր չեն երկու երկրների պատմական բարեկամությանը. պարզաբանումներ կարելի է ստանալ դիվանագիտական խողովակներով: Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ, բողոքի ակցիան ենթադրում է, որ Հայաստան-Իրան հարաբերություններում առաջացել է խնդիր և այն պետք է արագ կարգավորել: