Items filtered by date: Հինգշաբթի, 09 Ապրիլի 2020
Հինգշաբթի, 09 Ապրիլի 2020 20:19

Էպիկենտրոն 09.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին՝ համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաև դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը: Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկացնում է Պատրիարքարանի պաշտոնական կայքէջը: Տեղեկությունը Արմենպրեսի հետ զրույցում պարզաբանել է ԱԳՆ խոսնակը: Աննա Նաղդալյանը հայտնել է, որ յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումն իրականացվում է ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ:

Թեև կորոնավիրուսի պատճառով հետաձգվում են բազմաթիվ մրցաշարեր, բայց մարզիկները շարունակում են մարզվել: Սպորտն ընդդեմ կորոնավիրուսի շարքից մեր սպորտային մեկնաբանն այսօր անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանին, որն անկախ իրավիճակից շարունակում է շաբաթը 6 օր մարզվել: Մեր չեմպիոնը խնդիր ունի ոչ միայն մնալ լավ մարզավիճակում, այլև բարելավել որակները, քանի որ պետք է նվաճի օլիմպիական ուղեգիր:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային 10 ծրագրից 6-ն արդեն ուժի մեջ են մտել, 7-րդը կսկսի գործել արդեն վաղվանից: Այժմ ճշգրտման աշխատանքներ են կատարվում 8-րդ, 9-րդ և 10-րդ միջոցառումների վերաբերյալ: Լրացում է կատարվել նաև պետության կողմից գուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրում: Փոխվարչապետի և նախարարների համատեղ ասուլիսին անդրադարձ է կատարվել նաև գազի գնի ու պետական պարտքի վերաբերյալ հարցերին:

«Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով քննարկում է կազմակերպել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովը:Հեռավար քննարկմանը մասնակացել են նաև ուսուցիչներ: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հեռավար կրթությունն ավելի տեսանելի է դարձնում ոլորտի խնդիրները: Մաթեմատիկոս Էմմա Կիրակոսյանի գնահատմամբ էլ՝ սպասելիքների այն նշաձողը, որը դրվել է հեռավար ուսուցումից, աբսուրդ է: Քննարկման մասնակիցները չեն բացառել, որ համաճարակից հետո հեռավար ուսուցումը կարող է դառնալ կրթական համակարգի բաղադրիչներից մեկը:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 10-րդ ծրագիրը: Այն նախատեսված է երեք խմբի անձանց համար, որոնք զբաղվում են ընտանեկան ձեռնարկատիրությամբ կամ համարվում են ինքնազբաղված անձ: Աջակցությունը միանվագ է և հասանելի կդառնա ապրիլի 10-ից: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հակաճգնաժամային 9-ը միջոցառումներին, տեղեկացրել է, որ միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ, որը նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է և հընթացս կլրացվի: Վարչապետը նաև նշել է, որ Պարետատանը կքննարկեն, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պետք է գործեն:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջին անհրաժեշտության սնունդ է հատկացրել նաև Լոռու մարզում: Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր և հարակից համայնքներ. հիմնադրամի աշխատակիցները մարզի տարբեր բնակավայրերում օրեր շարունակ օգնություն են հատկացրել ավելի քան 800 անապահով ընտանիքի: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հատկապես տնակային ավանների բնակիչներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։