Items filtered by date: Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020 22:10

Էպիկենտրոն 30.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետը ֆեյսբուքի ուղիղ եթերում զանգահարել է պարտքերի պատճառով հոսանքից զրկված քաղաքացիներին: Նիկոլ Փաշինյանը նրանց հետ զրույցում փորձել է պարզել կոմունալը չվճարելու պատճառը, նաև հետաքրքվել, թե որքանո՞վ են հասցեական կառավարության իրականացրած աջակցության ծրագրերը: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է կոմունալ ճգնաժամի ավարտի մասին և տեղեկացրել, որ կառավարությունն ընդլայնում է վարձավճարների փոխհատուցումները:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Հայաստանում չի գտնվում, նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը պետք է իրացվի գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին, տեղեկացրել, որ քրեադատավարական գործընթաց է սկսվել, նյութերը կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:

«Արցախի անվտանգությունը սակարկման ենթակա չէ և վերադարձ անցյալին, թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու»,-հայտարարել է նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը: Լիազորությունները վայր դնող նախագահն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տարեկան հաղորդմամբ: Բակո Սահակյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի զարգացման հիմնական ցուցանիշները, հատուկ անդրադարձ կատարել անվտանգության ու արտաքին քաղաքական օրակարգի կարևոր կետերին:

ԱԺ գլխադասային հանձնաժողովները շարունակում են անցկացնել հերթական նիստերը: Ընդդիմադիրների ներկայացրած նախագծերի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել հատկապես Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն առաջարկել է Քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետը չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Խոսքը վերաբերել է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն: Իսկ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկել է փոփոխություններ ԱԺ կանոնակարգ օրենքում: Նրա նախագիծը նույնպես թեժ քննարկման է արժանացել:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը ռեկորդային են՝ վատ իմաստով, կառավարության նիստի մեկնարկին ասել է առողջապահության նախարարը: Վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով, 29 պացիենտ ապաքինվել է, գրանցվել է մահվան 2 նոր դեպք: Պացիենտները եղել են 47 և 69 տարեկան, մեկն ունեցել է ուղեկցող հիվանդություններ: Այսպիսով ՝վարակակիրների ընդհանուր թիվը հատել է 2000-ի սահմանը՝ դառնալով 2066: «Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,-ասել է Թորոսյանը: Վարչապետն արձանագրել է, որ մեր ամենամեծ մարտահրավերն է այս իրավիճակում ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով: Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը:

Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների 8-րդ ծրագիրը: Եվս մոտ 36 հազար շահառու դրամական աջակցություն կստանա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ պարզեցվել է նաև սոցիալական աջակցության 9-րդ ծրագրի դիմումների կարգը: Այսպիսով, ծրագրին նախկինում դիմած ու մերժված շահառուները մայիսի 5-ից սկսած երկրորդ անգամ դիմելու հնարավորություն ունեն:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ամբողջ հանրապետությունում մեծ թափով շարունակում է սոցիալական տարբեր ծրագրերը: Հիմնադրամը հերթական աջակցությունն է ցուցաբերել Արարատի մարզին: Արտաշատում առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացվել սոցիալապես անապահով ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հիմնադրամի տեսադաշտում են եղել նաև Արցախի պատերազմի մասնակիցների ընտանիքները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամի աջակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։