Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ լեփ-լեցուն դահլիճում, այսօր մեկնարկել է տարվա ամենաաղմկահարույց դատական գործերից մեկը՝ Դավիթ Սանասարյանի և Պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցների գործով առաջին դատական նիստը: Պաշտպանները միջնորդել են գործից մաս առանձնացնել և դատական նիստն անցկացնել արագացված ՝ գործը ողջամիտ ժամկետում ավարտելու համար,սակայն մեղադրող դատախազն առարկել է, դատարանն էլ միջնորդությունը մերժել է: Մերժվել է նաև Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը իր պաշտպանյալի՝ ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցնելու հարկադրանքը վերացնելու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 27-ը:
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ստահոդ է անվանել Արթուր Վանեցյանին ձերբակալելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: Նա անդրադարձել է նաև իր ղեկավարած ծառայությունում ՊՎԾ-ի իրականացրած ստուգումներին, նշել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին ԱԱԾ հրավիրելու մեջ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել: Լրագրողների հետ ԱԺ-ում զրուցել է նաև Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Ուժայինների ղեկավարները պատգամավորներին են ներկայացրել իրենց ենթակա ոլորտների 2020 թ. ֆինանասական հատկացումները:
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել են երկու երկրների միջև ուղևորների և բեռների փոխադրման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներին հետընդունման մասին համաձայնագրեր: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ: Մնացականյանն անդրադարձել է նաև բազմաթիվ քննադատությունների արժանացած BBC-ին տված իր հարցազրույցին՝ շեշտելով, որ առաջին հերթին կարևոր է համարում կարծիքների բազմազանությունն ու ժողովրդավարությունը: Հայաստանի ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Փաշինյան –Ալիև հանդիպում առաջիկայում չի նախատեսվում:
Հայաստանում են գերմանական «Կոպեռնիկոս» հիմնադրամը ներկայացնող փորձագետներ, ուսանողներ, որոնք ուսումնասիրում են խղճի, կրոնի ազատության հարցերը: Եվրոպացի երիտասարդները ցանկություն էին հայտնել հանդիպել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Պատգամավորն այսօր խորհրդարանում հյուրընկալել է երիտասարդներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
«Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում»,- խորհրդարանում 2020թ.-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ հունվարի 1-ից ավելանալու են աշխատավարձերը և երեխաների ծննդյան նպաստները: Նիկոլ Փաշինյանից հետո ձեռքի տակ ունեցած թվերն ու կանխատեսումներն են ներկայացրել Ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը: Պատգամավորների հարցադրումները բավական սուր են եղել՝ ներդրումների պակասից մինչև բյուջեի ներկայացման խախտումներ:
Եկմալյան 76 հասցեի տուժած բնակիչները նորից բողոքի ակցիա են արել: Ասում են, եթե նախկինների օրոք տուժել են, ապա այս իշխանությունից միայն անտարբերության են արժանացել: Բնակիչները, ճարները կտրած, նոր ներդրող են գտել, որը պատրաստ է եղել այդ հասցեի հարակից հատվածում շենք կառուցել ու տուժածներին բնակարաններ հատկացնել: Սակայն քաղաքապետարանը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, թե այդ հատվածում շենքերի դասավորությունը շատ խիտ է: Տուժած բնակիչները հայտարարել են, որ անցնելու են պայքարի այլ մեթոդի՝ կառավարական տներ տանող ճանապարհին նստացույց են սկսելու:
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն երաժիշտ, դաշնակահար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Սարաջյանի 100-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ փուլը: Մեծանուն դաշնակահարի հոբելյանին նվիրված փառատոնն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնի փակման համերգին դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի եզրափակիչ փուլին ներկա էր նաև Գեորգի Սարաջյանի թոռնուհին՝ Կանադայում բնակվող դաշնակահար Աննա Սարաջյանը:
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն երաժիշտ, դաշնակահար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Սարաջյանի 100-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ փուլը: Մեծանուն դաշնակահարի հոբելյանին նվիրված փառատոնն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնի փակման համերգին դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի եզրափակիչ փուլին ներկա էր նաև Գեորգի Սարաջյանի թոռնուհին՝ Կանադայում բնակվող դաշնակահար Աննա Սարաջյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv