Խորհրդարանն, առանց Հրայր Թովմասյանի մասնակցության, քննարկել է նրա լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են նախագծի հիմնավորումները, արձագանքել Թովմասյանի երեկվա հայտարարությանը, որ իշխանության նախագծի նպատակը քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին ՍԴ-ն չեզոքացնելն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ հայտարարել են, որ նախագծի հիմնավորումները թույլ են, դրույթները՝ թերի, ժամկետները՝ խախտված:
Հայաստանում սեպտեմբերի 24-ին մեկնարկած լայնածավալ զորավարժությունները ավարտվում են: Զինված ուժերի բուժվարչության պետը, ոստիկանության և ԱԱԾ սահմանապահ ուժերի ներկայացուցիչները ամփոփել են զորավարժությունները, կառույցների փոխգործակցությունը եղել է ներդաշնակ, ժամանակին: Բոլոր ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրները: Սահակ Օհանյանը նաև հայտնել է,որ Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը, սակայն վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Իսկ Տավուշում երեկ ինժեներական աշխատանքների ժամանակ բեկորային վիրավորում ստացած բնակչի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավտոներկրողները կառավարությունից պահանջում են հետաձգել սեպտեմբերի 26-ին ընդունված` տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման նախագիծը, որի համաձայն՝ հոկտեմբերի 6-ից այլևս ԵԱՏՄ երկրների քաղաքացիները չեն կարող մինչ այժմ կիրառվող տարբերակով ավտոմեքենա գրանցել և արտահանել: Դրա պատճառով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել: Ավտոներկրողների խոսքով՝ մեքենաների հիմնական գնորդները ԵԱՏՄ տարածքից են, սակայն գործադիրի որոշումից հետո ղազախներն այլևս չեն գալիս ավտոմեքենա գնելու: Վարչապետի օգնականի հետ հանդիպելուց հետո խնդիրը կարգավորվել է:
Պատգամավորների մեկ քառորդի պահանջով խորհրդարանում մետաղական հանքերի քննիչ հանձնաժողով է ստեղծվում: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ հանձնաժողովը կազմված է լինելու 11 անդամից։ Ստուգվելու են հանքաարդյունաբերության ոլորտի ֆինսական ներդրումները:
2021-ին Հայաստանում լինելու է քննչական երեք մարմին՝ բացի Հատուկ քննչական ծառայությունից և Քննչական կոմիտեից կգործի նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որը կլինի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող հիմնական մասնագիտացված մարմինը: Այսօր կառավարության նիստում հակակոռուպցիոն ռազմավարության քննարկումն անցել է թեժ մթնոլորտում: Պարզվել է՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ծանոթ չէ նախագծին, ինչն առաջացրել է վարչապետի զարմանքը: Պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը նախարարությունը վարժանքներ է անցկացնելու: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից: Իշխանական պատգամավորի սկանդալային հայտարարությունը երեկվանից ոչ միայն քննադատության մեծ ալիք է առաջացրել համացանցում, այլև արժանացել է նրա գործընկերների կոշտ գնահատականին: Արդարադատության նախկին նախարարի հասցեին հնչեցված արտահայտությունը դատապարտել է նաև մարդու իրավունքների պաշտպանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv