«Միջազգային հանրությունն Արցախի հարցում կոնսենսուս ունի՝ հակամարտության կարգավորման ուժային սցենարները պետք է բացառվեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Նա ողջունել է թե՛ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի, և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: «Առջևում նոր հանդիպումներ են, և այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներով»,-հավելել է Կարասինը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում է աշխատանքային այցով: Նա այսօր Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության այգում» մասնակցել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: