Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սարի թաղի գործի կասեցման դեմ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» բողոքի քննությունը: 2016-ի հուլիսին Սարի թաղում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու համար հարուցված և Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործը 2018թ-ի սեպտեմբերին կասեցվել է՝ մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Դատավոր Հարություն Մանուկյանն այսօր հետաձգել է դատական նիստը՝ նշելով, որ գործը վերահսկող դատախազի հետ մտերիմ հարաբերություններ ունի : Նիստը նախագահող դատավորը նշել է, որ դատարանը կաշկանդվածություն չունի բողոքն օբյեկտիվ քննելու համար, սակայն հարկ է համարել հաջորդ դատական նիստին լսել նաև դատախազի դիրքորոշումը: