Օրենսդիր և գործադիր իշխանությունները ձևավորելուց հետո փոփոխություններ կլինեն նաև դատական իշխանությունը բարելավելու ուղղությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմամբ, արդարադատության ոլորտում տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար պետք է մոբիլիզացնել բոլոր կարող ուժերին և վերականգնել համակարգի նկատմամբ վստահությունը: Անդրադառնալով նոր ձևավորված ԱԺ-ին` պատգամավորը հույս է հայտնել, որ այն կարդարացնի ժողովրդի սպասելիքները: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչեցվող մեղադրանքներին ու քննադատություններին, Սերգեյ Բագրատյանը նշել է, որ ԱԺ-ում կա հզոր ընդդիմություն, որն ուշադիր հետևելու է կառավարության աշխատանքին: