Ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում, ցմահ դատապարտյալների գործերի վերանայում, որդեգրման գործընթացում առկա բացեր, Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագիր. մարդու իրավունքների հետ կապված տարբեր հարցեր են բարձրացվել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի առաջադրման ընթացքում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ ցմահ դատապարտյալների գործերը պետք է վերանայվեն: Խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերելու է ներման գործընթացին: Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաև ցմահ դատապարտված Մհեր Ենքոյանին հնարավոր ներում շնորհելու հարցի մասին: