Այսօր անդրանիկ նիստն է գումարել յոթերորդ գումարման Ազգային ժողովը: Նիստը սկզբում վարել է ամենատարեց պատգամավոր՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Ողջույնի խոսքով են հանդես եկել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախագահ Արմեն Սարգսյանը: Միաձայն Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Խորհրդարանական ուժերը նաև ներկայացրել են ԱԺ փոխխոսնակների իրենց թեկնածուներին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի: Խորհրդարանի փոխնախագահներին պատգամավորներն ընտրելու են վաղը, ինչից հետո նաև հայտնի կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները: Ի դեպ, օրվա երկրորդ կեսին խորհրդարանում է եղել նաև նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: