ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախագծին, որով առաջարկվում է թույլատրել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերահսկողություն իրականացնել նաև պետական սահմանի անցման կետերում: Օրինագծի հեղինակների խոսքով՝ առաջարկվող լրացումները ենթադում են նոր անցակետերի կառուցում և նոր աշխատատեղեր: Փոփոխությունները թույլ կտան նաև օրինական դաշտ բերել անօրինական փոխադրողներին:
Շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ դատավորը քրեական հանցագործություն է կատարել՝ հրապարակելով Գևորգյանի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք։ Նախկին փոխվարչապետը փորձել է ելույթ ունենալ, սակայն դատավորն այն համարել է քաղաքական և զրկել նրան ձայնի իրավունքից։ Գործով բոլոր ամբաստանյալների պաշտպանները միացել են ինքնաբացարկին ու դատապարտել Դանիբեկյանի պահվածքը։ Դիրքորոշում է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանը:
ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանում ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Քննարկվել են պատերազմի հետևանքները՝ գերիների վերադարձից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ: Մելքումյանը և Կոնյուկը կարևոր են համարել տնտեսական գործակցության ընդլայնումը՝ մասնավորապես առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, համատեղ ծրագրեր կյանքի կոչելու միջոցով:
«Հայաստանը չի խնդրել օգտագործել ՀԱՊԿ-ի մեխանիզմները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»,- ՏԱՍՍ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, իսկ հրադադարն ու ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել են իրավիճակը հակամարտության գոտում և Հարավային Կովկասում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև սիրիացի գրոհայիններին և վարձկաններին ՝ ընդգծելով, որ վերջինների ներկայությունը տարածաշրջանում որոշակի ռիսկեր է ստեղծում ՀԱՊԿ-ի համար:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն ամփոփել են վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Պատգամավորները նշել են, որ թեև հայ ռազմագերիների հարցը չի ներառվել օրակարգում, սակայն իրենց հաջողվել է խնդրի մասին բարձրաձայնել հնարավոր բոլոր մակարդակներում:«Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հարցը լուծված է, հայկական պատվիրակությունն, ընդհակառակը, ցույց տվեց, որ Բաքուն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը»,-ասել է պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ արդեն արձանագրվել են գերիների հարցով Ադրբեջանի վրա միջազգային ճնշման առաջին դեպքերը։