«Եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության հարց է, ապա հայերի համար Ղարաբաղը կյանքի և մահվան հարց է: Թուրքիան մի երկիր է, որ ժխտում է պատմությունը, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, մենք պարտավոր ենք կանգնեցնելու այդ ագրեսորին, քանի դեռ ուշ չէ: Արցախի ժողովուրդը պետք է իրացնի իր ինքնորոշման միջազգային իրավունքը»: Ահա այսպիսի ուղերձներ են այսօր հնչել Եվրախորհրդարանում, որի օրակարգում այսօր Արցախյան հարցն էր: Մի քանի ժամ տևած քննարկումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է՝ Եվրախորհուրդը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափով հակամարտության լուծմանը: