«Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»,- Ստեփանակերտում՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետի խոսքով՝ Արցախը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց նրա հետ բանակցությունների հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Փաշինյանը նաև ընդգծել է՝ Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Վարչապետն անդրադարձել է հայկական 2 պետությունների անվտանգությանը, զինված ուժերի խնդիրներին՝ նշելով, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ անդրադարձել է արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, բանակաշինությանը, նաև սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացմանը: