Այս տարվա ապրիլին պետական եկամուտների կոմիտեի կառույցներում շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում` ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև պետական եկամուտների կոմիտեի` Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որտեղ քննարկվել են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը: «Ստվերի դեմ պայքարում ունենք աննախադեպ հաջողություններ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: