Վաստակավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը հայտարարել է, որ իրեն առաջարկել են ոչ թե թողնել աշխատանքը, այլ դուրս գալ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի շենքից: Հնչող հայտարարություններին արձագանքել է Բժշկական համալսարանի ռեկտորը: Արմեն Մուրադյանը պարզաբանել է,որ Սահակյանի առաջ դրված պահանջը կապված է այդ շենքում նախատեսվող նորոգման աշխատանքի հետ, իսկ բաժանմունքի տեղափոխությունը ժամանակավոր է:
Բաքվում երեկ ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, նրանցից 2-ը դատապարտվել են 4 տարվա,12-ը՝ 6 ամսվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դժվարանում է ասել՝ Բաքուն կազատի՞ 12 հայ ռամագերիներին,թե՞ ոչ: Իրավապաշտպանի պնդմամբ՝ տղաները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Նույն համոզմանն է նաև Փաստաբանների պալատի փոխնախագահ Հարութ Ակլունցը: Նա ևս պնդում է,որ գերիների վերադարձը չպետք է կապել ապօրինի դատական գործընթացի արդյունքում կայացած դատական ակտի հետ:
ՀԱՊԿ-ը չի միջամտի Հայաստանի սահմանին ադրբեջանցիների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին:«Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի դեպքում, մինչդեռ Հայաստանի պարագայում ըստ գլխավոր քարտուղարի՝ զոհեր չկան, կրակոցներ չկան:
Նկարիչների միությունում երեկ բացվել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Ստեփանյանի նկարների անհատական ցուցադրությունը: Հեղինակը ստեղծագործում է սև ու սպիտակով՝ գունեղ տպավորություն թողնելով արվեստասերների աչքին: Թերլեմեզյան քոլեջի շրջանավարտի հաջորդ կանգառը Չինաստանն է:
Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարում հսկայական ներդրումներ իրականացնել Հայաստանում: Խոսքը մոտավորապես 1 ու կես միլիարդ եվրոյի ծրագրերի մասին է: Հատուկ ուշադրության է արժանանալու Սյունիքի մարզը: «Բրյուսելը պատրաստ է ոչ միայն նյութապես օգնել վերակառուցել ճանապարհներն ու կամուրջները, այլև հաշտության և խաղաղ համակեցության ուղիները Հարավային Կովկասի տարածաշրջանում»- հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
44-օրյա պատերազմից հետո շատ ընտանիքներ կանգնեցին ծնողի կորստի մասին փոքրիկներին հնարավորինս անցավ հայտնելու խնդրի առաջ: Հասկանալով հարցի լրջությունը՝ մի խումբ անձինք համախմբվել ու ստեղծել են երեխայի համար կյանքի ու մահվան մասին պատմող գիրք: Գաղափարն առաջացել է, երբ այդպիսի խնդրի առաջ կանգնած մայրիկը հոգեբանի հետ միասին երեխաների հեքիաթաթերապիայի ձեռնարկ է փնտրել ու չի գտել:
Մինչև նոր կառավարության ձևավորումը այս կամ այն պաշտոնին հավակնելու մասին շրջանառվում են տարբեր գործիչների անուններ: Չեն դադարում խոսակցությունները Հայկ Մարությանի անվան շուրջ, մամուլը գրում է, որ ԱԳ նախարարի պաշտոնը բաժին կհասնի իշխող ուժի ներկայացուցիչներից մեկին: «Էպիկենտրոնը» այս և 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի մեկնարկի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակվության պատգամավորների հետ, նաև տեղեկացել, թե ինչ գործունեություն են ծավալելու «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
ԵՄ-ն այս շաբաթ որոշեց չեղարկել Հայաստանի քաղաքացիների համար եվրոպական երկրներ մուտքի արգելքը:Աշխարհում նոր վիրուսներ ու Քովիդի շտամներ են հայտնաբերվում:«Էպիկենտրոնը» զրուցել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային այս շրջանում այլ երկրներից ներթափանցող վարակների դեմ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv