Արշալույս գյուղում արշալույսները չեն խաղաղվում: Գյուղացիները հինգերորդ օրն է` պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը և նրա անվան հետ կապում բազմաթիվ արատավոր գործողություններ: Գյուղացիների խաղաղ ակցիաների ընթացքում երեկ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ ու բռնություններ են եղել: Զարզանդ Գրիգորյանն, այնուամենայնիվ, հրաժարվել չի պատրաստվում, ավելին, նախապատրաստվում է թեկնածությունն առաջադրել ձմռանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրություններին: Արմավիրի մարզպետարանում գիտեն խնդրի մասին, լսել են երկու կողմին էլ, մարզպետը, սակայն, գյուղապետի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի: