Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է անժամկետ հացադուլը: Այս անգամ Գալստյանը հացադուլն անում է Ազգային Ժողովի բակում: Տարածքի ոստիկանները նրան տեղեկացրել են, որ խորհրդարանի բակում վրան տեղադրել ու պաստառներ փակցնել չի կարելի: Ռեժիսորն ասել է, որ կհետևի կարգ ու կանոնին և այդ տարածքում կմնա մինչև երեկոյան ութը, ապա հավանաբար մատենադարանի մոտ կտեղադրի վրանն ու կգիշերի այնտեղ: Հիշեցնենք, որ դեռ տարեվերջին կինոռեժիսորը երկու ամիս հացադուլ էր անում ու պահանջում նախարարությունից կատարել իր հետ կքնված պայմանագիրը: Այն է` ֆիլմի նկարահանման և հետարտադրական ընթացքի համար վճարել խոստացված գումարը: Նախարարությունը պարզաբանել է, որ իր լիազորություններից դուրս է Գալստյանի պահանջը, իսկ կինոկենտրոնը լռում է: Օրենսդիրի բակում հացադուլ սկսած ռեժիսորին մոտեցել ու նրա խնդրով հետաքրքրվել է միայն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու խոստացել հարցը բարձրացնել վերին օղակներում: