«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն ևս այցելել է Տավուշի մարզ: Իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է հոգևորականներին՝ նրանց անվանելով հոգևոր էլիտա: Բերդում Փաշինյանը խոսել է անկլավների փոխանակման մասին:
Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին հակադարձելու համար հայկական կողմը պետք է գերեվարի հակառակորդի զինվորներին՝ հետագայում մեր տղաների հետ փոխանակելու համար,- համոզված է «Ազատ Հայրենիք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արշակ Սադոյանը: Նա առաջարկում է երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ապավինել Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությանը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կարծում է, որ պետության կայացման հիմքում պետք է դրվի ամուր և առողջ ընտանիքի գաղափարը: Փաստաբաններից կազմված քաղաքական թիմի համոզմամբ՝ անհրաժեշտ է անխախտ պահել ընտանիք-եկեղեցի-բանակ եռամիասնությունը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն այսօր ևս թիմակիցների հետ քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքում: Էդմոն Մարուքյանը կրկին ընդգծել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում միավորելու է բոլոր ուժերի պրոֆեսիոնալներին՝ ձևավորելով ազգային համաձայնության կառավարություն:
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդիպումներ է սկսել Արարատի մարզում: Դաշինքի անդամները եղել են Արտաշատում, ապա շրջել մարզի համայնքներով: Թեկնածուները հայտարարել են, որ հունիսի 20-ը ամուր պետություն կառուցելու սկզբնաժամկետն է լինելու:
Իշխանության գալու դեպքում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պատրաստվում է չեղյալ հայտարարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Տիգրան Խզմալյանը: Եվրոպական կուսակցության նախագահի խոսքով՝ եռակողմ փաստաթուղթը հաստատված չէ խորհրդարանի կողմից և չի կարող վավեր համարվել: Խզմալյանն անդրադարձել է նաև ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրին:
«Հայաստան» դաշինքն այսօր հանդիպել է Կոտայքի մարզի ընտրողների հետ: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է՝ 2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չի ունեցել: Երկրորդ նախագահն այսպես արձագանքել է իշխանության այն պնդմանը, որ եթե իրենք չանցնեն, նախկիններն են գալու իշխանության և սկսելու թիկնազորով շրջել: «Բացառվում է,որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք»,- նշել է նախկին նախագահը:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գործող իշխանության ձեռքով ստորագրված յուրաքանչյուր փաստաթուղթ մեր պետականությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք է: ՀՀԿ ղեկավարը նաև հարցազրույց է տվել «Սյունյաց երկիր» թերթին: