Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան հերթական նիստին նոր հանձնարարականներ է տվել: Ներկայացվել են Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա աշխատանքները: Պատմում է Արցախի մեր գործընկեր Սամվել Բալայանը:
Հանրապետության տարբեր համայնքներում գյուղացիները գարնան ցրտահարություններից մեծ վնասներ են կրել: Հատկապես տուժել են ծիրանի մշակմամբ զբաղվող տնտեսությունները: Վնասին գումարվել է անսպասելիորեն վրա հասած համավարակը և այն, որ հողի մշակներից շատերը հայտնաբերել են, որ գյուղատնտեսական անտոկոս վարկերից չեն կարող օգտվել: Իսկ այն գյուղացիները, ում բերքը չի տուժել, բախվել են իրացման խնդրին: Ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չեն համապատախանում կառավարության աջակցության ծրագրերի չափանիշներին:
«Դալմա Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ տեղադրելու մասին այսօր հերթական կեղծ ահազանգն է ստացվել: Ժամը 14-ի սահմաններում առևտրի կենտրոնի անվտանգության ծառայությանը հանձնարարել են աշխատակիցներին տարհանել: Հրշեջ-փրկարարների` երկու ժամ տևած աշխատանքներից հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Նույն ժամանակահատվածում ռումբ տեղադրելու մասին ահազանգ է եղել նաև Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Թեման կրկին ակտիվացավ նախորդ շաբաթ, երբ հանրային լայն քննարկման դրվեց Հանրակրթության պետական չափորոշիչը: ԿԳՄՍ նախարությունն էլ տեղեկացրեց «Հայ եկեղեցու պատմությունը» կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից դուրս բերելու և այլ առարկաների մեջ ներառելու մասին: Եկեղեցին սկզբունքորեն դեմ է այս որոշմանը: Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով՝ նախարարությունը պատշաճ քննարկումներ չի անցկացրել և որոշումը կայացրել է միանձնյա: «Հանել այս առարկան, նշանակում է չճանաչել սահմանադրորեն և պետական օրենքով սահմանված Հայոց եկեղեցին որպես ազգային եկեղեցի»,- կարծում է հոգևորականը:
Հերթական բողոքի ակցիան է անցկացվել Կենտրոնական բանկի մոտ: Մի խումբ քաղաքացիներ կրկին իրենց մտահոգությունն են բարձրաձայնել բանկային համակարգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պահանջելով տրամադրել մեկ տարի վարկային արձակուրդ: Իրավիճակը լարվել է, երբ ցուցարարները բանկի մոտ գունավոր ծուխ արձակող պայթուցիկներ են վառել, ինչից հետո ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ: Կան բերման ենթարկվածներ:
Դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 է: Ամբողջ հանրապետությունում 47 քննական կենտրոնից գործում է 46-ը: Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննությունը մեկնարկել է պարետատան սահմանած կաննոնների պահպանմամբ: Կենտրոն մտնելուց առաջ դիմորդները ջերմաչափվել են, ախտահանել ձեռքերը: Պարտադիր են նաև պաշտպանիչ դիմակներն ու սոցիալական հեռավորության պահպանումը: Երկու դիմորդի մոտ եղել է ջերմության տատանում, սակայն քննական կենտրոնի ղեկավարը վստահեցրել է, որ պատճառը եղել է անհանգստությունն ու հուզմունքը:
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և կարող է հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով: Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ»,- նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv