Սյունիքի մարզում՝ Որոտանի ճանապարհին, ադրբեջանցիներն այսօր տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ: Բացի այդ, նրանք Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող տների բնակիչներին տարածքը ազատելու համար ժամանակ են տվել: Որոտանի գյուղապետն «Էպիկետնտրոն»-ի հետ զրույցում հաստատել է մամուլում տարածված տեղեկությունները, իսկ Գորիսի քաղաքապետարանի աշխատակից Մենուա Հովսեփյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է ինչպես ցուցատախտակի տեղադրման ընթացքը, այնպես էլ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորներին:
Երեկ Դադիվանքի համալիրում խորհրդանշական արարողություն էր. ռազմական գործողությունների դադարից հետո առաջին պսակն է կատարվել: Նորապսակները ստացել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Կիրակին Դադիվանքում հերթական ուխտագնացության օր էր: Ուխտավորների և հարսանքավորների անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները:
Պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: Օրակարգում ընդգրված է 15 նախագիծ, որոնցից մեկը Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցն է: ԲՀԿ խմբակցության քարտուղարն այդ նախաձեռնությունը որակել է հակասահմանադրական: Ըստ Արման Աբովյանի՝ սա քաղաքական հաշվեհարդար է Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Եթե դուք Զոհրաբյանին զրկեք հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ԲՀԿ-ն որևէ մեկին նրա փոխարեն չի առաջադրելու»,- հայտարարել է պատգամավորը:
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ: Վաղ առավոտից քաղաքացիները «Իմ քայլ»-ի պատգամավորներին դիմավորել են հավկիթներով և «դավաճան» վանկարկումներով: Միջադեպեր են տեղի ունեցել Անդրանիկ Քոչարյանի, Հայկ Սարգսյանի հետ: Սիսակ Գաբրիելյանը դիմել է բռունցքների օգնությանը: Ոստիկանները բերման են ենթարկել տասնյակից ավելի քաղաքացու, այդ թվում՝ Արծվիկ Մինասյանին: Ակցիայի մասնակիցներն այնուհետև երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից ուղևորվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:«Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել»,- հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դիմելու է ՍԴ՝ վիճարկելու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: ԲՀԿ-ականները ներկայացրել են հակափաստարկներ՝ հղում անելով Սահմանադրությանն ու ԱԺ կանոնակարգ օրենքին: Զոհրաբյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ըստ որի՝ «Իմ քայլ»-ի պատգամավորները ստիպված են լինելու նկարահանել քվեաթերթիկները և ուղարկել դրանք քաղաքական ղեկավարությանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv