«Ամուլսարի հանքի խնդրի լուծման համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր դաշտում կա որոշակի համաձայնություն»,- կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանն ընդգծել է, որ Ամուլսարի հանքի շահագործման համար անհրաժեշտ է համաժողովրդական համաձայնություն, որի համար էլ միակ իրավական ճանապարհը հանրաքվեն է: Նա այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և վեթթինգին:
«Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»,- այսօր Երևանում՝ Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևոր է համարել, որ անընդհատ թարմացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման և պատճառների վերաբերյալ բազային տեղեկատվությունը: Հավաքին ներկայացվել են Հայաստանի արտաքին քաղաքականության 3 հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, անդրադառնալով Արցախի խնդրին, հայտարարել է. «Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»:
Արտաշատի շուկայում մսամթերքը վաճառվում է սննդամթերքի անվտանգության նորմերի կոպիտ խախտումներով,- արձանագրել է ՍԱՏՄ ղեկավարը այսօր կատարած անակնկալ այցի ժամանակ: Այս անգամ մսավաճառները չեն տուգանվել, տաղավարները չեն փակվել, բայց զգուշացվել են՝ տնօրինության հետ կարճ ժամանակում լուծել խնդիրը, ունենալ փակ տաղավարներ, սառնարաններ, տաք և սառը ջուր, սանիտարահիգիենիկ պայմաններ:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկության մասին տեղեկությունները և հայտնել, որ Խաչատրյանը բերման կենթարկվի: Վանեցյանը հայտնել է, որ ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցված առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի հատկանիշներով, որը վերաբերվում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։ Խոսքն ըստ Վանեցյանի՝ «տասնյակ միլիոնավոր դոլարների մասին» է: Բերման կենթարկվի նաև Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը նախկինում եղել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը:
«Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու՝ օրինակ զանգվածային անկարգությունները կանխելու համար»,- հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ 2008-ի մարտի մեկին զինված ուժերը կարող էին օգտագործվել անգամ ցույցերն անմիջապես ցրելու նպատակով, սակայն դրանք ընդամենը տեղակայվել են բախումների կանխարգելման նպատակով: Զինծառայողներին կրակելու հրաման էլ ըստ Քոչարյանի պաշտպանի՝ տրված չի եղել:
Սեպտեմբերի 1-ը հիշարժան օր է, հատկապես առաջին դասարանցիների համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է նախապատրաստել առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների համար: Ուշադրության կենտրոնում առաջին հերթին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներն են: Հիմնադրամը դպրոցական պայուսակներ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ է նվիրել մարզի սահմանապահ գյուղերի բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին: Մարզի բնակիչները, որոնք բազմաթիվ անգամներ են ականատես եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությանը, կարևորել են սահմանապահ բնակավայրերի նկատմամբ ԲՀԿ նախագահի հոգատար վերաբերմունքն ու մատաղ սերնդի կրթությանն ուղղված շարունակական քայլերը: Նրանց գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր անգամ գործով է ապացուցում, որ մշտապես սահմանին ապրող մարդկանց կողքին է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv