Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առավոտյան մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը դատարան է ներկայացել շատ բարձր տրամադրությամբ: Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում և հայտարարել է, որ պահանջում է կառավարության 100 տոկոսի հրաժարականը:
«Մեր ունեցած փաստերն ու այս արագությունը ցույց են տալիս, որ ամեն ինչ արվել է՝ միջնորդությունն արագ բավարարելու համար»,- ասել է ԲՀԿ նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ ամենի նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ նախագահի պաշտպանները լրագրողների հետ զրույցում ներկայացրել են դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հիմքերը:
Ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի՝ դատարանի բակ են այցելել նաև ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք ԲՀԿ ղեկավարի հետ կատարվող գործընթացը համարում են քաղաքական: ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է մանիպուլյացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ ընդգծել է՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընթացող գործընթացում իրավունք և օրինականություն չկա: Երեք ուժերի ներկայացուցիչները վստահեցրել են՝ անկախ իրադարձությունների ընթացքից, հոկտեմբերի 8-ին հայտարարված հանրահավաքը կայանալու է:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ժամը 10-ին մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը: ԲՀԿ նախագահը դատարան է ժամանել բարձր տրամադրությամբ, այնտեղ նրան դիմավորել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու համակիրները: Նշենք, որ դատարանի մոտ կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր: Գագիկ Ծառուկյանը կարճ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ապա մտել դատարանի շենք:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv