Items filtered by date: Հինգշաբթի, 02 Հուլիսի 2020
Հինգշաբթի, 02 Հուլիսի 2020 22:00

Էպիկենտրոն 02.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Երկարատև որոնումներից հետո ի վերջո գտնվել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանի դին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պարզվել է՝ սանիտարի անփութության հետևանքով դին հանձնել էին այլ անձանց, եւ հանգուցյալը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում: Մահացած կնոջ թոռները «Էպիկենտրոն»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնել: Նրանք այսօր վերցրել են տատիկի դին և ուղևորվել Գյումրի, որտեղ արդեն այսօր տեղի կունենա Սոնիկ Կարապետյանի հուղարկավորությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, և ինքը, որպես ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար, որպես քաղաքական գործիչ և որպես քաղաքացի, կանի ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը ուղղված սադրանքները:

Հայաստանում այսօր մեկնարկել են օտար լեզուների միասնական քննությունները: Հայտագրվել է ընդհանուր 2102 դիմորդ: Դիմորդների անվտանգությունն ապահովելու նպատակով քննական կենտրոնները նախորդ տարվա համեմատ ավելացվել են: Քննական գործընթացն իրականացվում է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Հանրապետության ամբողջ տարածքում այժմ գործում է քննական 47 կենտրոն, 17-ը՝ Երևանում: Մայրաքաղաքի թիվ 189 դպրոցում քննությանը մասնակցել է 93 դիմորդ, չեն ներկայացել 7-ը: Մինչև քննական պրոցեսի մեկնարկը դպրոցի բակում ծնողների ու դիմորդների որոշ կուտակումներ են եղել, պատկերը փոխվել է ոստիկանության աշխատակիցների այցից հետո:

«Դիմակների հետ կապված պաշտոնական ուղերձը փոխվել է: Կարող ենք քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ: Դրանք ավելի օգտակար են»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրել է, որ շուկայում կա դիմակի գնանկում: Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման հնարավոր ժամկետներին: Ըստ առողջապահության նախարարի՝ պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ-ի վերջին կամ 2021-ի սկզբին, և կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանը հետաձգել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ պաշտպանների և դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը: Անդրադառնալով հետաձգման պատճառներին՝ ԲՀԿ նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոխանցվել է փոստի միջոցով, և դրանք այս պահին դատարան չեն հասել: Քանի որ դատարանը և կողմերը բողոքների որոշ մասեր չեն ստացել, ուստի այսօր որևէ քննություն, ըստ էության, տեղի չի ունեցել: Փաստաբանները հայտնել են նաև, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տված անձի հետ տեղի է ունեցել առերեսում, որից հետո նույնպես չի հաստատվել հիմնավոր կասկածը: Նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ժամը 11-ին:

Տիկ-տոկ սոցիալական ցանցի հայ օգտատիրուհին, որն ի դեպ անչափահաս երեխա է, մի տեսանյութ է տարածել, որտեղ ցույց է տալիս թե ինչպես է սպանում իր տիկնիկին: Անչափահաս աղջկա արարքը հանրային բուռն քննարկում է առաջացրել. ոմանք տեղի ունեցածին լուրջ չեն վերաբերվում, ոմանք էլ դա համարում են սատանիստական, վտանգավոր ու վախեցնող: Երեխայի հոգեվիճակը հասկանալու համար «Էպիկենտրոնը» զրուցել է մանկական հոգեբանի հետ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ասել է,որ համացանցի հատկապես հայկական տիրույթում վերահսկողությունը փոքր է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։