«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: Որոշումը կայացվել է խմբակցության փակ նիստում: Իշխող ուժի ներկայացուցիչները հրապարակել են այն հիմքերը, որոնք կարող են Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցնելու պատճառ հանդիսանալ: Դրանցից մեկն, ըստ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի և Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական հարաբերություններն են: Քննարկման ընթացքում իշխող ուժը որոշել է միանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր նվաճեց երկրորդ մեդալը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում աշխարհի փոխչեմպիոն դարձավ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին՝ դուրս էր եկել եզրափակիչ: Ցավոք, գոտեմարտերից մեկի ժամանակ Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածք էր ստացել, ինչի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին:
Հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում: Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»,-հայտարարել է Վանեցյանը և հավելել ՝ «Իմ հրաժարականը թող լինի Կանգ առ-ի սթափեցնող քայլ»: Նիկոլ Փաշինյանը, ով Վանաձորում ընթացող ասուլիսի ժամանակ արդեն իսկ հայտնել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասին, Վանեցյանի հայտարարությունը չի մեկնաբանել: Վարչապետը նաև չի հայտնել, թե ով է լինելու ԱԱԾ նոր տնօրենը:
Վանաձորում չորս ժամ 20 րոպե տևած հանդիպմանը վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի՝ Ամուլսարի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից մինչև Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալություն, Ստամբուլյան կոնվենցիա և Արցախյան հիմնախնդիր: Լրագրողները Փաշինյանից նաև հետարքրվել են, թե ո՞ր դեպքում և ի՞նչ հանգամանքներում հրաժարական կներկայացնի: Հարցը վարչապետին անակնկալի է բերել: Ավանդույթը չխախտելով՝ գործադիրի ղեկավարը ասուլիսը սկսել է Նոր Հայաստանի մասին 100 փաստ ներկայացնելով:
2008 թվականից հայկական և ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում: Էրեբունու պատմահնագիտական արգելոցում բացահայտվել են նոր տաճարի հիմքեր: Հնավայրում պեղումներ են իրականացվում 1950-ական թվականներից: «Որոշ բաներ մասամբ վերականգնվել են 60-ականների վերջին, սակայն մենք որոշեցինք նոր հետազոտություններ անել՝ գտնելով, որ ամրոցը դեռ նոր բացահայտումների տեղ ունի»,- ասել է ֆրանսիացի պրոֆեսոր Ստեֆան Դեշամը: Պեղումները ցույց տվեցին, որ Էրեբունու շնորհիվ հնարավոր է վերաիմաստավորել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ժամանակագրական մի քանի փոփոխություններ:
Անդորրայում Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանը կարծում է, որ իրեն պաշտոնից ազատելը կապված էր Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարով: Բաղդասարյանը համամիտ չէ ԱԳՆ-ի այն հայտարարության հետ, թե իր գործունեությունն անարդյունավետ է եղել: «Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ նախարարության տեսակետն արդեն հայտնել է և ասվածին ավելացնելու ոչինչ չունի:
Զբոսաշրջության կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է բոլորին խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց։ Պատճառը դժբախտ պատահարն է, որը տեղի է ունեցել շաբաթ օրը: Արագածի գագաթը նվաճել փորձող լեհ զբոսաշրջիկը հայտնվել էր արջի հարձակման թիրախում, չորքոտանու հետ կռիվ տվել ու գահավիժել ձորը: Ի՞նչը կարող էր գազանի ագրեսիվ վարքի պատճառ դառնալ: Մասնագետների կարծիքներն ու գիշատիչների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի վիճակագրությունը ամփոփել է Հայկ Նավասարդյանը:
«Ազգային ժողովն իր իրավասությունների շրջանակներում պիտի դիրքորոշում արտահայտի Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- այսօր խորհրդարանի ամբիոնից ունեցած արտահերթ ելույթում հայտարարել է ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է իր մտահոգությունները, որոնք վերաբերել են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշմանը, ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը: Ինչ վերաբերում է նիստին, ապա օրակարգում ընգրկված բոլոր հարցերը սպառվել են: Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: Խորհրդարանի հերթական նստաշրջանի վերջին նիստի մանրամասները՝ Վաչիկ Գրիգորյանի տեսանյութում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv