Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում: Միջոցառումը համախմբել է հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: «Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը»,- «Մտքերի գագաթնաժողովին» ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում է հայտնի հրատարակիչ, մշակութային գործիչ Նաճի Նաամանը: Լիբանանցի հրատարակիչը հյուրընկալվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում, հանդիպել գիտաշխատողների հետ:
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել բակալավրի ու մագիստրատուրայի ավարտական հանդիսությունը, որի ընթացքում 500-ից ավելի ուսանողների դիպլոմներ են հանձնվել: Հանդիսությանը նաև մասնակցել են դեսպաններ, հյուրեր Սփյուռքից ու կառավարությունից: Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ով պաշտոնը թողնում է այս ամսվա վերջին, նշել է, որ ուսանողների առաջընթացին հետևելը իր համար եղել է համալսարանին ծառայելու ամենապայծառ դրվագներից մեկը:
Հովհաննես Թումանյանի թանգարանը լույս է ընծայել Ամենայն հայոց բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուի երկրորդ և երրրորդ վերախմբագրված և լրացված հատորյակները: Դրանց հրատարակումը Թումանյանի ծննդյան 150-ամյակի ծրագրերի շարքից է:
Շիրակի մարզում իրականացվել է համապետական շաբաթօրյակ: Աշխատել է մոտ 8300 քաղաքացի եւ 126 միավոր տեխնիկա: Մարմաշեն համայնքի Մայիսյան վարչական տարածքի հողամասը մաքրվել է շինարարական թափոններից ու կենցաղային աղբից: Սակայն կրկնակի ջանքեր է անհրաժեշտ՝ համայնքը լիարժեք մաքուր պահելու համար: Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:
Իսպանական Պոնտեվերդա քաղաքում ընթացած Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից Հայաստան է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Հին աշխարհի առաջնության ստուգատեսում մեր երիտասարդ ըմբիշները նվաճել են 4 մեդալ, որոնցից մեկը ոսկե, մեկն՝ արծաթե և երկուսը՝ բրոնզե: Օդանավակայանում մարզիկների համար կազմակերպվել է չեմպիոններին վայել ընդունելություն:
«Գյուղատնտեսությունը թողնված է ինքնահոսի, իրականության մեջ ոլորտին ոչնչով չենք կարողանում օգնել», - կարծում է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը: Նա այսօր անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին և լուծումներ առաջարկել: Պատգամավորը կարծում է , որ վարելահողերը էֆեկտիվ չեն օգտագործվում,և այդ հարցում կառավարությունն անելիք ունի: