Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Վաղը նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչև այդ Կառավարական առանձնատանը նրան հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, բայց դա չի նշանակում, թե չեն եղել հարցեր: «Այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է, և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը մի կողմից լավ առիթ է հանդիպելու և քննարկելու տարբեր հարցեր, այդ թվում՝ դժվար,մյուս կողմից լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունները, իր հերթին նկատել է Ռուսաստանի վարչապետը: «Եվրասիական միությունում Հայաստանը նախագահող պետություն է, և մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ»,-նշել է Դմիտրի Մեդվեդևը:
ՀԱՕԿ-ը ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել առաջիկա անելիքները: Ըստ այդմ, կոմիտեն ձեռնարկելու է օրենքով սահմանված բոլոր միջոցները, ինչպես հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն պատճառված հնարավոր վնասների, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից, հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ:
Վերաքննիչ դատարանում ավարտվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը: «Սպայկա» ընկերության տնօրենի պաշտպանը նշել է, որ Դավիթ Ղազարյանը խափանման միջոց կալանավորումը փոխելու համար պատրաստ է ողջամիտ չափի գրավ վճարել: Պաշտպան Սարդարյանի կարծիքով՝ գրավի չափը կարող է լինել ընդհուպ մինչև մեկ միլիարդ դրամ:
«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, որը նախկինի նման արտոնյալ է, և նրանից իրեր չեն առգրավում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արդարադատության նախարարը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերված խախտումների մասին ԱԱԾ հրապարակած տեսանյութի վերաբերյալ վերջնական գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Արտակ Զեյնալյանը խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց քրեական գործերի մասին, անդրադարձել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Խաչիկ Հարությունյանի նոր նշանակմանը: «Պաշտոնից ազատման հիմքերը կամայական լինել չեն կարող: Դրանք սահմանված են օրենքով, ծառայությունից ազատման հիմքերը ևս սահմանված են օրենքով: Անձը դիմում է գրել, որը բավարարվել է: Նա հեռացել է այդ պաշտոնից և նշանակվել է շատ ավելի ցածր պաշտոնի»,- ասել է Զեյնալյանը:
Այսօր նիստ է գումարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում եղել է երկու հարց՝ ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը և «Փաստաբանության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սակայն օրինագծի քննարկումը երկու ամսով երկարաձգվել է: Նիստից 7 րոպե առաջ Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը զանգահարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և հրաժարվել նախագծի զեկուցումից: Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում խոսել է վերջին շրջանի աղմկահարույց գործերի մասին, անդրադարձել հարցին, թե արդյոք մեր երկրում կան քաղբանտարկյալներ :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կհոգա ու կկարգավորի հայ բռնցքամարտիկների մարզումային և միջազգային մրցաշարերին մասնակցության գործընթացը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ֆինանսավորման կասեցումից հետո մտահոգություն էր առաջացել, որ ֆեդերացիայի շուրջ ստեղծված խնդիրներից կտուժեն բռնցքամարտիկները, սակայն ՀԱՕԿ-ը հերթական անգամ իր վրա է վերցրել բոլոր հոգսերն ու կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի մեր մարզիկների մարզումներն ընթանան բնականոն հունով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, «Արարատցեմենտ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդը տարածել է հայտարարություն, որում հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հայտարարության մեջ նշված է, որ օրեր առաջ ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv