Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Վարչապետը կարծիք է հայտնել, որ 100 տոկոսով կատարել է խոստումը, որ իրենց իշխանության պայմաններում արմատախիլ է արվելու պետական ահաբեկչության ցանկացած դրսևորում: Իրագործված խոստումների թվում նա ներառել է նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների 100 տոկոսով երաշխավորված լինելը՝ անկախ քաղաքական հայացքներից: Փաշինյանի խոսքով՝ կատարվել է նաև իր այն խոստումը, որ աշխարհաքաղաքական ռևերանսներ չեն լինելու, Հայաստանն էլ շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ: Ֆեյսբուքյան լայվի ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Վարչապետի սենյակ է մտել կրտսեր դուստրը՝ Արփին և հարցրել, թե երբ է Աշոտը՝ եղբայրը, վերադառնալու ծառայությունից: Հարցն անակնկալի է բերել վարչապետին և մի պահ կտրել նրա մտքի թելը: Շարունակելով պատասխանել քաղաքացիների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Մարտի 1»-ի պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելու խոստմանը: «Կանգնո՞ւմ են, թե՞ ոչ, պատասխանում եմ՝ կանգնում են: 100 տոկոսով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է»,-ասել է Փաշինյանը:
Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021 թ.:«Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- նշել է ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: Խորհրդարանն այսօր լսել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին, որին այդ պաշտոնում առջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գևորգյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որից մեկը վերաբերերել է նրան, թե «ում մարդն է ինքը»: Թեկնածուն հարցին պատասխանել է կատակով:
Վերջին ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ: Սպասարկել են Քարաթափման 29, փլուզման 43 և սողանքների 2 դեպք: Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ամփոփել է կատարված աշխատանքն ու ներկայացրել առաջիկա ծրագրերը: Նա հայտնել է, որ շուտով կառույցը կհամալրվի 60-ից ավելի հրշեջ մեքենաներով: Աշխատանք է տարվում շարքային անձնակազմի աշխատավարձերի բարձրացման համար: Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, նշել, որ կատարվածից ինքն անակնկալի չի եկել:
Սամվել Բաբայանն այսօր հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, խոսել ներքին և արտաքին քաղաքական հարցերի մասին: «Մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր չէ Արցախի հիմնախնդիրը կարգավորել»,- հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը: Այդ հարցում նոր մոտեցումներ են պետք: Նա խորհուրդ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանգ առնել և փոխել ուղղությունը: Սամվել Բաբայանն անդրադարձել է նաև հոկտեմբերի 27-ի գործին: Ըստ նրա՝ արդար քննության դեպքում քաղաքական գործիչներից շատերը կհայտնվեն ճաղերի հետևում: Նա պնդել է, որ Նաիրի Հունանյանը խորհրդարան մտնելուց առաջ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի վերաբերյալ: Այս ինստիտուտը, Փաշինյանի խոսքով, գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է, սակայն քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող: Հանրապետության ղեկավարն ասել է, որ ներդրողներից շատ էմոցիոնալ արձագանքներ է ստանում՝ մարդիկ որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv