Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Բիլայն»-ը վաճառել Հայկ և Ալեքսանդր Եսայանների ստեղծած «Թիմ» ընկերությանը: «Բիլայն»-ի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ մտավախություն հայտնելով, որ կարող են գործազուրկ մնալ: Ի պատասխան՝ «Թիմ» ընկերության ղեկավար Հայկ Եսայանը հայտարարել է, որ առաջիկա առնվազն 6 ամիսներին կրճատում չի նախատեսվում:
Ոչ միայն մտահոգիչ, այլև արդեն վտանգավոր վիճակագրություն Արցախի ճանապարհներից: Վերջին օրերի դեպքերն ու, մասնավորապես, երեկվա պատահարը թեմայի նկատմամբ ուշադրությունը մեծացրել են: Հուլիսի 9-ին Ստեփանակետ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 5 քաղաքացի, որից 2-ը զորացրված զինվորներ են: Բժիշկները 5-ից երկուսի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ կայուն ծանր: Արցախի նախագահը ՖԲ-ի ուղիղ եթերում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանն ու դրանից բխող անելիքներին:
Ոստիկաններն այսօր ևս նախագահական նստավայրի մոտից բերման են ենթարկել հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին և նրա համախոհներին: Վերջինները ցանկացել են մամուլի ասուլիս տալ և նամակ հանձնել Արմեն Սարգսյանին՝ կապված Լանզարոտի կոնվենցիայի ընդունման հետ: «Այնպես են անում, որ բողոքող ուժերը ակցիայի իրավունք չունենան, ակցիա անելու մոնոպոլ իրավունքը տրված է Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչներին»,-հայտարարել է Չախալյանը:
«Ֆիրդուս»-ի պաշտպանության նախաձեռնող խումբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել թաղամասի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ: Խմբի անդամները թաղամասի օտարման և կառուցապատման աշխատանքներում բազմաթիվ խնդիրներ են նկատել: «Թույլ չենք տալու ոչնչացնել պատմամշակութային արժեքներն ու ոտնահարել մարդու իրավունքները»,- հայտարարել են նրանք, նաև կոչ արել երևանցիներին միանալ իրենց պայքարին:
Հայանիստ գյուղի բնակիչները Երևանի քաղաքապետարանի մոտ կրկին բողոքել են տրանսպորտի խնդրից՝ հայտարարելով, որ իրենց խաբված են զգում: Գյուղացիների խոսքով՝ դեռ նախորդ ակցիայի ժամանակ կառավարությունից հավաստիացրել էին, որ մեկ շաբաթում հարցը կլուծվի, սակայն չի լուծվել: Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը հայտնել է, որ վաղվանից գյուղում նոր ավտոբուսներ կգործեն: Բնակիչները, հաշվի առնելով նախորդ փորձը, թերահավատորեն են վերաբերվել հայտարարությանը և ուղևորվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այնտեղ նրանց հայտնել են, որ ավտոբուսները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից:
«Ներդրումներ ներգրավելու և դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն իշխանությունը զբաղված է հակասոցիալական ծրագրեր իրականացնելով»,- հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը: Գույքարակի թանկացում, մայրաքաղաքում 60կմ/ժ առավելագույն արագության սահմանում , դիմակ չկրելու համար տուգանքները կրկնապատկելու փորձ: Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ քաղաքացիներին տուգանելու մեթոդով իշխանությունը ցանկանում է լցնել բյուջեն: «Հեղափոխական Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ»,- ասել է նա:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում անդրադարձել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին, համաճարակային իրավիճակին, իր դեմ իշխանության սկսած արշավին: «Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ: Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: Նա հայտնել է, որ առողջանալուց հետո մեծ ասուլիս է հրավիրելու և ընդգծել՝ «Կան շատ հարցեր, որոնք անպայման պետք է ստանան իրենց պատասխանները։ Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա»: ԲՀԿ նախագահը ասել է նաև, թե որոնք են լինելու իր հետագա քայերը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv