Items filtered by date: Երեքշաբթի, 02 Հունիսի 2020
Երեքշաբթի, 02 Հունիսի 2020 22:04

Էպիկենտրոն 02.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հերթական ճեպազրույցն է անցկացրել վարչապետի կեցավայրում: Խոսելով իրավիճակի քաղաքական կոնտեքստի մասին՝ երկրի ղեկավարն ասել է.«Մեր իշխանության ծագումնաբանությունը աշխատում է հենց մեր դեմ»:Նրա խոսքով՝ 2018 թ իրադարձություններից հետո Հայաստանում վախի մթնոլորտը չեզոքացել է, բայց օրինապահության մթնոլորտը պատշաճ աստիճանի չի հասել: Փաշինյանը ներկայացրել է հնարավոր զարգացումների 2 սցենար՝ կա՛մ կրկին գնալ համատարած արգելափակումների, կա՛մ հսկողության տակ առնել իրավիճակը և արձանագրել արդյունքներ

Վարչապետը առավոտյան ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Շենգավիթի բակերից մեկում բազմաթիվ երեխաների մասնակցությամբ նշել հունիսի 1-ը: «Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,-գրել էր Փաշինյանը: Ավելի ուշ պարզվեց, որ միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում:«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այսօր եղել է այնտեղ, զրուցել տեղի բնակիչների հետ: Նազելի Ստեփանյանի տեսանյութը:

 

Բողոքի ակցիա Արմավիրի մարզի Մեյմանդարի շուկայում: Գյուղացիները բողոքել են պարետի այն որոշման դեմ, համաձայն որի՝ շուկան պետք է երկու օրով փակվի, որպեսզի տարածքում ախտահանում իրականացվի: Վաճառողները նշել են, որ արդեն գնված ապրանքը կարող է փչանալ: Ժամեր տևած ցույցից հետո պարետատունը գյուղացիներին թույլ է տվել այսօր ապրանքը վաճառել, նոր ապրանք չբերել, իսկ շուկան երկու օրվա փոխարեն կփակվի մեկ օրով:

Զգուշացե՛ք. մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ տանում են մեքենայի պետհամարանիշները: Գողության մասին բարձրաձայնել է «Վարորդի ընկեր» ՀԿ-ն: Արդեն մի քանի օր է՝ ՝համացանցում նույնպես կարելի հանդիպել այսպիսի բազմաթիվ ահազանգերի: Ուշագրավն այն է, որ գողություն կատարողները գողացած պետհամարանիշը վաճառելու համար կոնտակտ են թողնում, որպեսզի վարորդը կարողանա կապ հաստատել և գին պայմանավորվել: Պահանջում են 20-30 հազար դրամ: Ոստիկանությունից «Էպիկենտրոն»-ին տեղեկացրել են, որ պետհամարանիշների գողությունների հետ կապված կան հարուցված քրեական գործեր:

«Ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով հեռանում եմ քաղաքապետարանից».համացանցում այսօր այս վերնագրով նյութեր շրջանառվեցին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության արդեն նախկին աշխատակից Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում քաղաքային իշխանությանը մեղադրել էր փորձառու կադրերից հրաժարվելու, նրանց քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու համար: Նախկին աշխատակցի մեղադրանքը Երևանի քաղաքապետարանում չեն ընդունում:

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերը: Պատգամավորները նախ կողմ են քվեարկել քննարկված բոլոր նախագծերին: Ընդունվել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի և Արտյոմ Ծառուկյանի նախագիծը: Անցնելով օրակարգին՝ խորհրդարանականները քննարկել են Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երաշխավորվող դրամական ավանդների շեմը դարձնել 16 մլն դրամ, իսկ արտարժույթի դեպքում՝ 7 մլն: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ոստիկանության նոր համակարգի վերաբերյալ օրենդրական փաթեթը:

Ոստիկանությունն այսօր ևս անցակետեր է տեղակայել քաղաքի տարբեր վարչական շրջաններում ու փողոցներում: Իրավապահները հսկողություն են իրականացել մեքենաներով ու հանրային տրանսպորտով երթևեկողների հանդեպ: Քաղաքացիների մեծ մասը հիմնականում եղել է դիմակներով, իսկ նրանք, ովքեր դիմակ չեն կրել, տուգանվել են՝ չնայած արդարացումներին ու դժգոհություններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։