Items filtered by date: Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2020
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 29.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է գտնել Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում»,-այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, որ դա հնարավոր է անել: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ նախ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ մահերին և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Կրեմլի ղեկավարը հիշեցրել է,որ կոնֆլիկտը սկիզբ է առել էթնիկ բախումներից,ինչից հետո հայերը զենք են վերցրել իրենց անվտանգության համար:

Քիչ առաջ Արցախի նախագահը հանդես է եկել ուղերձով, որը հղել է Բերդաքաղաք Շուշիից: «Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում: Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին»,- նշել է Արայիկ Հարությունյանը և շարունակել. « Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը»,- ընդգծել է նախագահը:

Ֆրանսիայում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակը: Միայն այսօր երեք հարձակում է արձանագրվել՝ մեկը Նիսում, մյուսը՝ Ավինյոնում, ևս մեկը Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի հյուպատորսարանում: Նիսի Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին եկեղեցու վրա հարձակումն անվանել է իսլամական ֆաշիզմ, որը պետք է արմատախիլ անել ամբողջ Ֆրանսիայի տարածքից: Դեպքի վայր է այցելել նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Վաղը կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը:

Ֆրանսիայում՝Վիեն և Դեսին քաղաքներում, երեկ բազմաթիվ թուրքեր փողոց են դուրս եկել ու հայերի փնտրել: Համացանցում տարածված տեսանյութերում փողոցներով քայլող մարդկանց ձեռքերին և ուսերին թուրքական դրոշներ կան: Նրանք ագրեսիվ պահվածք են դրսևորել և տարբեր սպառնալիքներ հնչեցրել հայերի հասցեին: Թուրքերի ամբոխը հարձակվել է նաև ոստիկանների վրա:

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ղեկավարները կարևորել են Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր մրցակից Դոնալդ Թրամփին խորհուդ է տվել անձամբ լծվել հակամարտության լուծման գործին: ՄԱԿ-ը հումանիտար հրադադարը կյանքի կոչելու հայտարարություն է արել, իսկ Բրյուսելը՝ հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունների: Իտալական Պալերմո և Ազոլո քաղաքներ միաձայն ճանաչել են Արցախի անկախությունը: Հայ ժողովրդին համերաշխություն են հայտնել Ուրուգվայի նախկին 4 նախագահները:

Ադրբեջանը նոր թափով է սկսել խփել Արցախի քաղաքացիական բնակավայրերին: Թշնամին Սմերչի հրթիռներով հարվածել է Ստեփանակերտին և Շուշիին,որտեղ միացել է տագնապի ազդանշանը: Մարտակերտի վրա կիրառվել է ռազմական ավիացիա: Կան ավերածություններ: ՊԲ-ն հայտարարել է, որ իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի հանցագործ ղեկավարությունը: Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը, նաև նշել, որ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված թշնամու հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:

«Արցախի անկախության ճանաչումը դարձել է համար մեկ պահանջը և այն առաջնահերթ քայլը,որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է արել զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների սադրանքներին: Պատգամավորները նաև անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպման օրակարգին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։