Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմն այսօր քննարկում է անցկացրել, որի ընթացքում որոշել է անվստահություն հայտնել թատրոնի կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Նազենի Ղարիբյանին: Քննարկումն անցել է չափազանց թեժ մթնոլորտում՝ վիրավորանքներով ու մեղադրանքներով: Թատրոնի կոլեկտիվն անհասկանալի է համարել, թե ինչպես կարող էին խորհրդի կազմում ընդգրկված իրենց երկու գործընկերները Ղարիբյանի օգտին քվեարկել՝ քաջ գիտակցելով, որ իրենք դրան դեմ կլինեն:
«Ժպիտների քաղաք» եւ«Իմ քայլը» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդն Ամերիկայից վերադարձել է 1 ու կես միլիոն դոլարից ավելի հանգանակությունով` օգնելու քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող 0-ից 25 տարեկան անձանց: Հիմնադրամների հերթական հաշվետվությանը հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ամփոփել է գործուղման արդյունքները, պատասխանել բազմաթիվ հարցերի` սկսած գործուղումներին տրամադրող միջոցներից ու ավարտած՝ որդու՝ Աշոտ Փաշինյանի զինծառայությունով:
«Հայաստանն ու Ղազախստանը շատ ջերմ ու գործընկերային հարաբերություններ ունեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեր երկրում Ղազախստանի դեսպանը: Թիմուր Ուրազաևը ներկայացրել է տնտեսական ցուցանիշներ: Նա նկատել է, որ դեսպանի կարգավիճակով արդեն երեք տարի է Հայաստանում, ու այս ընթացքում հասցրել է միայն աճ արձանագրել: Դեսպանը խոսել է նաև ՀԱՊԿ-ում տեղի ունեցած ու սպասվող զարգացումների մասին:
Այսօր արտահերթ նիստ է գումարել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Թեման գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումներն էին։ Արտահերթ նիստ հրավիրելու համար նաև հիմք է հանդիսացել հայտնի դատավոր, առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ հայտարարությունը: Ինչո՞վ է պայմանավորված նման հրատապությունը և արդյո՞ք այստեղ քաղաքական ենթատեքստ կա,- հարցերին պատասխանել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Ավելի վաղ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը հայտարարել էր, թե Քոչարյանին ազատելու որոշումը կայացրած Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։
«Դատական ամբողջ համակարգը մի քանի թերացող դատավորի պատճառով չպետք է տուժի»,-ասել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ վատ աշխատող, ոչ օրինական գործողությունների ընդունակ դատավորներն էլ պետք է բացահայտվեն եւ պատասխանատվություն կրեն օրենքի առաջ: «Իմ քայլը» խմբակցությունից Սոֆիա Հովսեփյանն էլ այն կարծիքին է,որ մասնագիտական բարձր որակ ունեցող, բայց մարդկային արժանիքներ չունեցող դատավորները չպետք է մնան համակարգում:
Երևանում կայացել է լրագրողների ֆուտբոլային միջազգային հերթական մրցաշարը, որին այս տարի մասնակցել է 6 թիմ։ Ավանդական դարձած այս մրցաշարում լրագրողների Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը, իրենից առաջ թողնելով Լիտվայի և Բրյանսկի թիմերին: Մրցաշարին մասնակցել է նաև ռուսական հայտնի «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի մարզական մեկնաբանների թիմը՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի գլխավորությամբ:
Երեկ Հայաստան է ժամանել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին: Նա հանդիպումներ է ունեցել մեր երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի կարևորագույն արդյունքներից մեկը Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի ստորագրումն է, ինչը նշանակում է, որ 2 երկրների սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացվում է փոխադարձաբար: Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները: Վան Ին իր հերթին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում իր մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv