Ստեփանակերտի ուղղությամբ թշնամին, ի թիվս այլ զինատեսակների, կիրառել է նաև «Պոլոնեզ» հրթիռներ,- այսօր ասել է Արցախի ՄԻՊ-ը: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված զոհերի և վիրավորների մասին ամփոփ տվյալները: Օմբուդսմենի թիմը շարունակում է թշնամու ռազմական հանցագործությունները փաստող փակ զեկույցներ ներկայացվել միջազգային կառույցներին:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը,- առավոտյան հայտնել է Արցախի ՊՆ-ն: Ըստ հաղորդագրության՝առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Հայկական կողմը հրապարակել է տեսանյութեր, որոնք պատկերում են հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան, թշնամու ոչնչացված կենդանի ուժն ու ամրակառույցները:
Հայաստանի արտգործնախարարն արդյունավետ է համարել վաշինգտոնյան հանդիպումները՝ նշելով, որ շարունակվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները՝ հասնելու կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը: Պետքարտուղար Պոմպեոյին հանդիպելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձին-առանձին հյուրընկալվել են Թրամփի Ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին: ԱՄՆ պետքարտուղարն էլ Ղարաբաղի հարցը քննարկելու համար զանգահարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:Դիվանագետները կոչ են արել կողմերին անհապաղ ներգրավվել բովանդակային բանակցություններում:
«Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է. հստակ քաղաքական և իրավական գնահատական պետք է տալ»,- ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության, բնական ռեսուրսների և էկոլոգիայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Միքայել Մելքումյանը:Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դրսևորման վրա:Պատգամավորը արցախյան պատերազմի վերաբերյալ միջազգային հանրությունից կոնկրետ գնահատականներ է ակնկալում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv