Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով հերթական դատական նիստը: Ինչպես նախորդ նիստին,այսօր էլ Գրիգորյանը դատարան է եկել անվասայլակի վրա՝ բժիշկների հսկողությամբ: Նրա պաշտպանները նիստը նախագահող դատավորին միջնորդել են անհապաղ փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը`պայմանավորված նրա առողջական խնդիրներով: Թե ինչ է որոշել դատարանը, կպատմի Հայկ Նավասարդյանը:
Ջրային կոմիտեն դիտարկում է ջրօգտագործող ընկերություններում կառավարման մոդելը վերանայելու հարցը: Կոմիտեի նախագահն այսօր անդրադարձել է ոռոգվող հողատարածքների ավելացման անհրաժեշտությանը, նկատել, որ առաջիկա գլխավոր թիրախներից է Սևանից ջրառի նվազեցումը:
Հուլիսի 4-ից 6-ը Հայաստանում տեղի է ունենալու հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը: Մասնակցության համար հայտ է ներկայացրել մոտ 700 անվանի բժիշկ: Նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Հայաստանի և Արցախի առողջապահությանն առնչվող բազմաթիվ խնդիրները, ոլորտի նորագույն ձեռքբերումներն ու տեխնոլոգիական առաջընթացները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ միջազգային 5-րդ համագումարին կմասնակցեն 100 բժիշկներ, որոնք դժվարացել են վճարել համագումարի մասնակցության համար նախատեսված գումարը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հիմնական փորձասենյակ չունի այն բանից հետո, երբ փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը: Տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության գործողությունների վտանգի մասին երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է: Սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում: Տիգրան Հեքեքյանը գլխավոր ճարտարապետին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու համար:
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը մեծ կյանք է ճանապարհել ավելի քան չորս տասնյակ շրջանավարտների: Բուհում առաջիկայում նախատեսվում է նաև մագիստրոսական կրթության հնարավորություն: Միջոցառմանը մասնակցող թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛մեր երկրում Ռուսաստանի դեսպանը կարծիք են հայտնել, որ կրթօջախը միայն կրթություն տալու գործառույթ չի իրականացնում. այն իր գոյությամբ և շրջանավարտներով ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Մինչև մեկնարկը նա կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապվող լուրերին և իր ընտանիքի ունեցվածքին: Իսկ դատական նիստը սկսվել է դատավորի՝ Հայկ Սարգսյանի կնոջն ուղղված նկատողությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv