Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Վանաձորը, տոնել է քաղաքի օրը: Տոնական միջոցառումներին մասնակցելու և քաղաքի զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Վանաձոր է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և կառավարության ներկայացուցիչների հետ: Փաշինյանի առաջին կանգառը եղել է Կառլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանը: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Վանաձորի «Արմենիա» առողջարանային համալիր: Քաղաքի տոնական միջոցառումներին հետևել է նաև «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը:
Մամուլում արդեն քանի օր Հայկ Մարությանի վրիպումն է: «Մեծարգո տեր հայր, պարոն կաթողիկոս» վերտառությամբ հոդվածները սնկի պես ավելանում են: Երևանի քաղաքապետը Վեհափառ հայրապետին «Տեր հայր»-ով դիմել էր Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումների ավարտին: Արդեն քանի օր է՝ թեման բուռն քննարկվում է ֆեյսբուքյան տիրույթում: Ոմանք քննադատում են, ոմանք պաշտպանում: Իրականում՝ արդյոք մեծ մե՞ղք է գործել քաղաքապետը, պարզել է Աիդա Կարապետյանը:
Արցախի և Ֆրանսիայի կապերը տարբեր բնագավառներում խորանում ու ամրապնդվում են: Քաղաքական և համայնքային գործիչներին այս անգամ փոխարինելու են եկել կրթության ոլորտի մասնագետները: Ֆրանսիայի Լիլի համալսարանի պատվիրակության անդամներն այսօր եղեղ են Արցախի կրթական կենտրոնը հավակնող Շուշիում: Միջին մասնագիտական ոլորտում ուսուցումն այստեղ հենց ֆրանսիական մոդելով է իրականացվում:
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող գեղեցիկ սեռի 5 բռնցքամարտիկներ ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռուսաստանի Տուապսե քաղաքում: Հավաքից հետո մեր բռնցքամարտիկները մարզումները շարունակում են Երևանում: Թե ինչպես է անցել միջազգային ուսումնամարզական հավաքն, ու ինչ են սովորել դրանից մեր մարզուհիները, պարզել է Արամ Մանուկյանը:
Արարատյան Հայրապետական թեմը վարորդներին օրհնված խաչեր է բաժանում ու հորդորում սնոտիապաշտական իրերից ու հատկապես քրիստոնեության հետ կապ չունեցող աչքի ուլունք պահելու սովորությունից ձերբազատվել: Խորհրդանշական այս ակցիայով է Հայ առաքելական եկեղեցին նշում Սուրբ Խաչի չորրորդ տոնը: Հայրապետական թեմը Խաչի քարոզ իրականացնում է արդեն 24-րդ անգամ: Նպատակ ունեն ակցիան նաև տեղափոխել մարզեր:
Երևանում անցակացվում է Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիայի երրորդ և բալկանյան որակի վերահսկման տարածաշրջանային միացյալ գիտաժողովը: Այն համախմբել է 25 երկների մասնագետների ու բժշկական համալսարանների ուսանողների: Գիտաժողովն անց է կացվում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ունենալով յուրահատուկ ժառանգական կառուցվածք՝ հայ հիվանդների համար գրեթե անհնար է աշխարհում գործող ռեեստրներում համապատասխան դոնոր գտնել: Գործունեության 20 տարում հայկական ռեեստրին անդամագրվել է 31 հազար մարդ Հայաստանից , Արցախից և Սփյուռքից:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն: Վարչապետը Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նիկիտա Սիմոնյանը բարձր գնահատանքի համար շնորհակալություն է հայտնել վարչապետին, ասել, որ միշտ հպարտ է եղել հայ լինելու համար: Մոսկվայում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: «Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,- նշել է անվանի դերասանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv