Ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշ ներխուժած հակառակորդի հատուկ ջոկատի դաժան ու անմարդկային գործողությունները ցնցել էին բոլորին: Անգամ համացանցում հայտնվեցին խոշտանգված դիակների լուսանկարները: Ադրբեջանական 15 հոգանոց հատուկ ջոկատի դիվերսիոն խմբի հետագա գործողություններն ու դաժանությունները կանխած հերոսներից մեկը ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանն էր: Ապրիլի 5-ին, ժամանակավոր հրադադարից ժամեր անց, ականի պայթյունից ծանր վիրավորված և ոտքը կորցրած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, սակրավոր Շանթ Ղազարյանը քառօրյա պատերազմից հետո կյանքին այլ աչքերով է նայում: Ոտքի կորուստը ոչ միայն չկոտրեց և չընկճեց Շանթին այլ հակառակը, ստիպեց ավելի ամուր կանգնել արյան գնով պահած սեփական հողի վրա: Հերոսի օրագիրը շարքը այս անգամ կպատմի ապրիլի քառօրյա պատերազմի մասնակից, մեր կողքին ապրող և կյանքին այլ հայացքով նայող իրական հերոս Շանթ Ղազարյանի մասին:
Վերջին տարիներին Հայաստանում նվազել է նախատոնական տրամադրությունն ու տոնական ուրախությունը: Շատ մարդիկ հարկադրաբար են պատրաստվում տոնին, թերեւս քչերն են սրտատրոփ սպասում տոնին ու ընկալում տոնի խորհուրդը: Մարդկանց ինչին է պետք տոնը, այն ինչ է տալիս հասարակությանը: Տոնի խորհուրդը գալիս է հնագույն ավանդույթներից, այն մեր գենետիկ հիշողությունն է: Կրոնական ու պետական տոները հասարակությանը համախմբելու ու դրական մտածելու լավ հնարավորություն են: Ամանորի տոնը մարդուն հնարավորություն է տալիս դուրս գալ առօրյա միապաղաղ ու կրկնվող աշխատանքային շրջանից ու մտածել նոր բան անելու մասին: Տոնը նաեւ մարդուն միայնակ չլինելու զգացողություն է տալիս, մի խոսքով տոն բառն անմիջական կապվում է ուրախության հետ: Բայց ոչ Հայաստանում: Կառավարությունն ու հասարակությունը չունի տոնի տրամադրություն ու բոլորը փախուստ են տալիս հարկադրված տոնից: Մեր հարեւան երկրում՝ Իրանում տարվա մեջ կրոնական տոները բազմաթիվ են եւ երբեմն ամեն տոնը տեւում է մինչեւ 10-15 օր: Հայաստանում կա 43 ոչ աշխատանքային օր ու կառավարությունը որոշել է, որ դա աշխատասեր հայի համար չափից դուրս շատ է: Հայաստանի քաղաքացիները վերջին տարին է, որ կունենան Ամանորի երկարատև արձակուրդ: Կառավարությունն այս շաբաթ որոշել է էական կրճատել ու «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկել փոփոխություններ՝ համաձայն որի 2019 թվի հունվարի 3– ին արդեն Հայաստանի քաղաքացիները կաշխատեն: Իսկ մինչև այդ այս Ամանորին կկարողանանք հանգստանալ մինչև հունվարի 8-ը:
Այս շաբաթ հայ տանտիրուհիները իմացան, որ չինական միտքը հասել է սինթետիկ բրնձի արտադրության եւ ըստ Ֆեյսբուքի աժիոտաժի անգամ փորձել են եփել «անմահական» բրինձը: Եփել են, սակայն գարշահոտության պատճառով համը չեն տեսել: Ի վերջո ինչ բրինձ է հայտնվել տեղական խանութներում: Մինչեւ կլիներ պաշտոնական հայտարարություն, նախ հայ փորձագետները լծվեցին բրնձի «կառքին» ու իրենց գիտելիքի շտեմարանից փշուրներ հանեցին տանտիրուհիների համար: Ինչպես տարբերել կեղծ բրինձը իսկականից՝ եփեք բրինձը եւ սպասեք երեք օր, եթե բորբոսնեց՝ ուրեմն բրինձ է: Ահա այսպիսի արժեքավոր խորհրդով զինված տնային տնտեսուհիները բացահայտեցին, որ եփած բրինձն անգամ 10 օրում չի բորբոսնում: Այս զավեշտալի վիճակին մասամբ վերջ դրեց սննդի որակը հսկող պետական կառույցը, հայտարարելով, որ Հայաստան չի ներկրվել պլաստիկ բրինձ, բայց եւ չի բացառվում, որ խանութներում հայտնված բրնձանման նյութը բնավ էլ բրինձ չէ, այլ կարտոֆիլի օսլա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաեւ բարեխղճորեն հայտարարեց, որ Հայաստան ներմուծված որոշ մսամթերքի մեջ հայտնաբերվել է սալմոնել: Հայաստանում հունվարից հոկտեմբեր գրանցվել է սալմոնելով վարակվելու 324 դեպք, եւս 23 դեպք՝ դեկտեմբերին, այս տեղեկությունն էլ հայտնել էր փորձագետը: Գյուղատնտեսության նախարարությունն էլ թեժ քննարկումներից հետո որոշել է արգելել գենետիկորեն ձևափոխված սննդի ներկրումը: Առաջին հայացքից տպավորություն է, որ հայկական շուկայում վաճառվող սննդի տեսակներից մոտ 50 տոկոսի վաճառքը պետք է արգելվի, բայց պարզվել է, որ խոսքը միայն սեմացուի և գյուղմթերքի մասին է:
Կառավարությունը մինչեւ տարեվերջ դեռ պետք է օրենքի ուժ տա մի քանի կարեւոր օրենքների նախագծերի: Այս շաբաթ Աժ-ը հաստատեց հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը 2018-ի հենց առաջին օրը իր հետ կբերի նոր թանկացումներ, մոտ 900 ապրանք կթանկանա, թեպետ դրան ընդհանրապես պատրաստ չէ հասարակությունը: Հարկային նոր օրենսգիրքը ցավոտ է լինելու, այն հարվածելու է փոքր ու միջին բիզնեսին, սպառողական զամբյուղին, կանխատեսում են տնտեսագետները: Անընդհատ փոփոխվող հարկային քաղաքականությունը կաթվածի է հասցրել գործարարներին ու չկա որեւէ երաշխիք, որ դա էլ վերջինն է լինելու: Կառավարության թեթեւ ձեռքով բարձրացել է ակցիզային հարկի շեմը, բնականաբար դա էլ բերելու է դիզվառելիքի, սեղմած գազի,ծխախոտի, խմիչքի, օճառի, լվացող միջոցների թանկացում: Կթանկանա նույնիսկ Հայաստանի տնտեսության փրկության երբեմնի խորհրդանիշ ՝ Ջերմուկը: Թե ինչ կլինի հասարակական տրանսպորտի գնի ու գյուղացիների համար դիզվառելիքի գինը, դեռ խորհրդավոր լռություն է: Այդ փոփոխությունների հիմնական իմաստը պետական բյուջեն լցնելն է: Ըստ մասնագիտական գնահատականի դա պարտադրված, այլընտրանք չունենալու քաղաքականություն է: Աժ Ծառուկյան խմբակցությունն ու Ելք դաշինքը դեմ են քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին:
Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամները ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև նրանք շրջել են Ցեղասպանության թանգարան – ինստիտուտում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv