Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները և «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցի Ռուսաստանի դեսպանատան հետ՝ իրենց մեկնելու հարցը կարգավորելու համար: «Այլընտրանք» հկ-ի անդամներն էլ նշել են, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը:
Իրավապահ մարմինները բացահայտել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և ստանալու, պետական միջոցների յուրացման ու կեղծարարության դեպքեր: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ճանապարհային ոստիկանության, քրեակատարողական հիմնարկի ու պատմամշակութային ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Իսկ ԱԻՆ-ում ռումբի մասին կեղծ ահազանգ է եղել: Օրվա քրեաիրավական քրոնիկոնը՝ տեսաշարով:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի: Կառավարության նիստում արդարադատության նախարարը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի կարանտին սահմանելու իրավասություն են ստանում նաև Երևանի քաղաքապետն ու մարզպետները: Այս հարցի շուրջ Մարդու իրավունքների պաշտպանին լսելուց հետո վարչապետ Փաշինյանը զայրացել է Ռուստամ Բադասյանի վրա: Գործադիրն այսօր հաստատել է Կապսի ջրամբարի շինարարության ու սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու նախագծերը:
«Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյո՞ք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկում էր այսօր նախաձեռնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: «Չպետք է լինենք այն պետությունը, որը ճգնաժամի ժամանակ օրվա կուրսով է շարժվում»,- հայտարարել է կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ կարծիք է հայտնել, որ դեռևս ուշ չէ օգտվել Վրաստանի փորձից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը երեկ երեկոյան համապետական ծնողական ժողով էր հրավիրել: Նա անդրադարձել է կորոնավիրուսի պայմաններում նոր ուսումնական տարվա մեկնարկին: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սա պատերազմական անսովոր իրավիճակ է, և պետք է միջոցներ ձեռնարկվեն: «Եթե կանոնները պահպանենք, երեխաները և՛ կրթություն կստանան, և՛ վիրուս չեն տարածի, և՛ հիվանդության աճ չենք ունենա»,- նշել է նախարարը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv