Items filtered by date: Հինգշաբթի, 04 Հունիսի 2020
Հինգշաբթի, 04 Հունիսի 2020 22:15

Էպիկենտրոն 04.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը երեկոյան հերթական ճեպազրույցն է անցկացրել: Վարչապետն անդրադարձել է հարցին, թե ինչու՞ է Հայաստանում հակահամաճարակային իրավիճակը շարունակում վատանալ:Պատասխանն, ըստ նրա, մեկն է՝ կանոնների համատարած և զանգվածային չպահպանում: Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ թվերի նման վիճակագրության պահպանման դեպքում ստիպված կլինենք կրկին անցնել համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով: Նա նշել էր, որ ունենք 2-3 օր՝ որոշում կայացնելու համար: «Էպիկենտրոն»-ը վարչապետից հետաքրքրվել է՝ եթե վաղը նոր դեպքերի նվազում չարձանագրվի,արդյոք ականտես կլինե՞նք նրա մատնանշած սցենարին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել է գազի սակագները վերանայելու հայտը: Ապրիլի 1-ին հանձնաժողով ներկայացված հայտն ավելի վաղ ուսումնասիրվել էր հանձնաժողովի աշխատակազմի կողմից: Արդյունքում հանձնաժողովն առաջարկել էր անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե՛ բնակչության համար, և՛ թե՛ սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ:

Տեսչական մարմինները շարունակում են խստացված վերահսկողությունը նաև Գյումրիում: Այսօր ստուգայցեր են եղել կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածում, հարակից փակ ու բացօթյա վաճառակետերում: Համայնքապետի տեղակալը, ծանոթանալով իրավիճակին, այն մտահոգիչ է համարել: Վերջին երեք օրերին Գյումրիում կասեցվել է մոտ 80 տնտեսվարողի գործունեություն:

Այս օրերին շատ արդիական է դարձել «Զգուշացե՛ք, կարող է պատահի՝ ձեզ հետևում են» թևավոր խոսքը: Հետևողները մնում են անանուն, իսկ հակահամաճարակային կանոնները խախտողները հայտնվում են երկրի ղեկավարի ֆեյսբուքյան էջում: Նիկոլ Փաշինյանը շարունակում է պարետի որոշումներին չհետևողների նկատմամբ հանրային վերահսկողության ֆլեշմոբը: Այս անգամ գերակշռում են դպրոցական հավաքներն ու ծանրաբեռնված երթուղայինները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խախտումներ թույլ տված հանրային սննդի օբյեկտների գործունեության կասեցումները: Այսօր Կոմիտասի պողոտայում 24 ժամով կասեցվել է չորս օբյեկտի գործունեությունը: Մեկ դեպքում չէին գրանցել աշխատակիցների ջերմաչափման տվյալները, մյուս դեպքում էլ ստուգման պահին ջերմաչափը չի աշխատել: Կրթության տեսչական մարմինն էլ խախտումներ է հայտնաբերել ու արգելել մի քանի մանկապարտեզների գործունեությունը:

ԱԺ-ը շարունակել է նախօրեին մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում մեկուսացված անձանց սոցիալական նպաստի հատկացման վերաբերյալ նախագիծն էր: Կառավարությունն անսպասելիորեն դեմ դիրքորոշում էր հայտնել օրինագծի վերաբերյալ, արդյունքում՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ 24 ժամվա ընթացքում նախագիծը փոփոխությունների կենթարկվի: Այդուհանդերձ, իշխող մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել նախագծին՝ այն հավելյալ քննարկելու հիմնավորմամբ: Փոխարենը իշխանության ներկայացրած սոցիալական աջակցության վերաբերյալ օրինագծին կողմ են քվեարկել ընդդիմադիրները: Նրանք կոշտ քննադատության են արժանացրել իշխանականների դիրքորոշումը, կրկին անդրադարձել կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության ձախողումներին:

Պարետի որոշմամբ այսօրվանից հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Բացառություն է սահմանված միայն մինչև 6 տարեկան երեխաների, մարմնամարզությամբ զբաղվող ու հեծանիվ վարող քաղաքացիների համար: Մեր նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքով՝ ուսումնասիրել, թե նոր որոշումից հետո որքանո՞վ են պահպանվում հակահամաճարակային կանոնները: Նկարահանումների ընթացքում «Էպիկենտրոն»-ի տեսախցիկն արձանագրել է նաև «Հայփոստ»-ի բաժանմունքի դիմաց գծանշման աշխատանքների ընթացքը:

Կառավարությունն անցկացրել է հերթական նիստը, որը հեռավար անցկացրել է Նիկոլ Փաշինյանը: Մինչև օրակարգին անցնելը Արսեն Թորոսյանը ներկայացրել է համաճարակային վիճակագրությունը: Ծանր վիճակում է 391 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 59-ը, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի: Նախարարի խոսքով՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը, արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: ԿԲ նախագահն էլ զեկուցել է, որ շտկվել են բանկերում կուտակումները: Նիկոլ Փաշինյանը Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի «Հայփոստ»-ում առկա խնդրհարույց վիճակը 100 տոկոսով համապատասխանի հակահամաճարակային պայմաններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։