Items filtered by date: Ուրբաթ, 19 Հունիսի 2020
Ուրբաթ, 19 Հունիսի 2020 23:20

Էպիկենտրոն 19.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայկական մարզաշխարհը նույնպես իր աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հայրենական սպորտի ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդումը առաջացրել է նաև մարզաշխարհի ներկայացուցիչների զայրութը: Նրանք նշում են, որ լավ են ճանաչում Գագիկ Ծառուկյանին և վստահ են, որ նրան առնչվող մեղադրանքներն ապօրինի են:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հունիսի 21-ին՝ ժամը 15-ին: Ավելի քան 6 ժամ տևած դռնփակ նիստից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել իրեն վերագրվող հոդվածի և ներկայացվող խափանման միջոցի վերաբերյալ: ԲՀԿ նախագահի պաշտպանական թիմը հայտարարել է, որ կա հակասություն գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդագրի մեղադրանքի ձևակերպումների և քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդագրի միջև:

«Ազատ քաղաքացի, ուժեղ պետություն»: Այս կարգախոսով քաղաքական դաշտ է մուտք գործում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Այսօր կայացել է կուսակցության առաջին համագումարը, նախագահ է ընտրվել Սուրեն Սուրենյանցը: Քաղաքական ուժն իրեն համարում է 88-ի համազգային շարժման, 3-րդ հանրապետության արժեքային համակարգի կրողը, խրախուսում է էվոլյուցիոն զարգացումը՝ մերժելով հեղափոխականության դրսևորումները: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Հուլիսի 19-ից Հայաստանում գազի գինը թանկանալու է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր որոշվել է, թե կապույտ վառելիքի դիմաց ով որքան է վճարելու: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սակագինը սահմանել 135 հազար դրամ՝ 1000 խորանարդի դիմաց: Հանձնաժողովը առարկել է՝ առաջարկելով պահպանել սպառողների միջին գնի տարբերակումը: Ըստ այդմ՝ շարքային սպառողների համար գազը չի թանկանա, իսկ ահա որոշ տնտեսվարողների դեպքում որոշումը 30 օրից ուժի մեջ կմտնի: «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը նաև հայտարարել է, որ շուտով իր ղեկավարած կառույցից 1000 աշխատակից գործազուրկ կդառնա, կրճատվելու են նաև աշխատավարձերը՝ այդ թվում իրենը:

Արցախում նոր իշխանության ձևավորումից հետո Երևանում անցկացվել է հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՝ առանց Արցախի իշխանության լիարժեք ներգրավման, բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց: Ըստ վարչապետի՝ հիմնախնդրի լուծմանը խանգարում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու` Ադրբեջանի ներկայիս իշխանության դժկամությունն ու առավելապաշտական կեցվածքը: «Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը հայրենիքի յուրաքանչյուր հատվածում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ ուժի կիրառումն անհետևանք չի մնալու:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին: Քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները շարունակում են պնդել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Իվետա Տոնոյանի խոսքով՝ իրենք արդեն հիմնավոր փաստարկներ են ներկայացրել, որ հարուցված քրեական գործը բացարձակ անհիմն է: Նաիրա Զոհրաբյանն էլ շնորհակալություն է հայտնել ինչպես Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը, այնպես էլ բոլոր այն եվրոպական կուսակցություններին ու միջազգային կառույցներին, որոնք այս օրերին իրենց զորակցությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանին:

Երկու միլիարդ դրամ գրավը վճարելուց հետո Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններն անդրադարձել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած որոշմանը, նշել, որ դրա մասին առավել մանրամասն կարող են խոսել դատական ակտը ստանալուց և բովանդակությանը ծանոթանալուց հետո միայն: Պաշտպաններն անդրադարձել են նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին:

Այսօր, ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ եկած քաղաքացիներից մեկը բարձրաձայնել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցը՝ հայտարարելով, որ նրանց իրավունքները պաշտպանված չեն: Կինը, որը բավականին հուզված է եղել, նշել է, որ երկու տարի առաջ մեծ ոգևորությամբ մասնակցել է հեղափոխությանը, սակայն հիմա հիասթափված է իշխանությունից, քանի որ հեղափոխությունից հետո իր կյանքում որևէ լավ բան տեղի չի ունեցել: Քաղաքացին իր հետ փաստաթղթեր էր բերել՝ հայտնելով, որ ցանկանում է անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։