Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնագիր են ստորագրել: «Նիստի աշխատանքները տևել են ութ ժամ, բայց ժամանակը անցել է շատ արագ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քենթը: «Մենք գործընկերության ոգով վերահաստատեցինք, որ պատրաստ ենք շարունակել աշխատանքը Հայաստանի հետ: Ցանկանում ենք տեսնել բարեկեցիկ, ժողովրդավար Հայաստան, որը խաղաղ ապրում է իր հարևանների հետ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան: Ջորջ Քենքը պատասխանել է նաև հարցին, թե ի՞նչ փուլում է ԱՄՆ-ից զենք գնելու գործընթացը:
Խորհրդարանական ուժերը օրվա երկրորդ կեսին հանդես են եկել հայտարարություններով: Մտահոգիչ վիճակագրական տվյալներից մինչև Սևանա լճի հիմնախնդիրներ . ելույթները վերաբերել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր թեմաների: Հատուկ անդրադարձ է կատարվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձին, որն առաջիկայում մտադիր են բարձրացնել կրկնակի:
Այսօր ԱԺ շենքի մոտ ակցիա են իրականացրել Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի մի խումբ բնակիչներ: Նրանք բողոքել են իրենց համայնքի անբարեկարգ ճանապարհներից, ասել, որ դեռ նախընտրական շրջանում գյուղ այցելած Նիկոլ Փաշինյանը խոստացել էր խնդիրը լուծել՝ պայմանով, որ վարդաբլուրցիները զարգացնեին գյուղատնտեսությունը: Ասում են՝ իրենք իրենց խոստումը կատարել են, հիմա հերթը կառավարությանն է: Բողոքող մարդկանց հանդիպել ու նրանց խնդիրները լսել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը խոստացել են հարցը բարձրացնել կառավարության հետ առաջիկա հարցուպատասխանի ժամանակ:
Արդեն մեկուկես ամիս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղին ցերեկվա ժամերին օդանավեր չի ընդունում: Պատճառը նորոգման աշխատանքներն են: Վերջին սերնդի նյութերով ու սարքերով վերազինվող վազքուղին ամբողջությամբ շահագործվելու է մայիսի 16-ից: Վերջին անգամ թռիչքուղին 15 տարի առաջ էր նորոգվել: Որակյալ ասֆալտապատմանը զուգահեռ նաև փոխվել են լուսավորության լամպերը: Թռիչքուղու նորոգման աշխատանքներին հետևել է Աիդա Կարապետյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն ամփոփել է կառույցի գործունեությունը: Նա նշել է, որ իրականացվել են լուրջ բարեփոխումներ, որոնք շարունակվելու են նաև առաջիկայում: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվելու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում: Նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորման կասեցմանը, նշել, որ դրա հիմքերը միանգամայն օրինական են, և կասեցումը հիմա էլ ուժի մեջ է:
Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Լիագումար նիստի օրակարգ է մտել Հարկային օրենսգրքում լրացումներ անելու մասին Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրինագիծը: Նախագծով առաջարկվում է աղետներից տուժած գյուղացիներին ազատել աղետի տարվա հողի հարկից: ԲՀԿ խմբակցության մյուս առաջարկը խորհրդարանը չի ընդունել: Այն վերաբերում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելելուն. նախագծով պետք է խստացվեր չորքոտանիներին գնդակահարելու,տանջելու համար սահմանված պատիժը: Այսօրվա նիստում նաև երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Կառավարության կառուցվածքի հարցը: Պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունը այս անգամ ևս դեմ է քվեարկելու այդ նախագծին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv