Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները Գևորգ Կոստանյանի փոխարեն կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:Վիգեն Սարգսյանին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Դավիթ Տոնոյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, իսկ Ավետիք Էլոյանը նշանակվել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ: Կառավարության որոշմամբ նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Ի դեպ, այսօր նիստին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախախարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը:
ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Ընկերների, հարազատների ու համակիրների ուղղությամբ քայլելով Նալբանդյան փողոցուով՝ Բաբայանը խոսել է իրեն կալանավորելու դրդապատճառներից ու Արցախ վերադառնալ - չվերադառնալուց: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն իր բանտարկումը համարում է առևանգում: Վճռաբեկ դատարանի որոշման համար հիմք են հանդիսացել Ծառուկյան խմբակցության 11 պատգամավորների անձնական երաշխավորությունները:
Կինոսերների երկար սպասված «Ոսկե Ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 8-ին: 83 երկրից ստացված 600 հայտից մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ, Հայկական համայնապատկեր ծրագրում՝ մոտ 27 ֆիլմ: Կինոփառատոնի բացումը կլինի Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը»ֆիլմով, իսկ փակումը Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանած մարդը» ֆիլմով: Հարգանքի տուրք կմատուցվի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին՝ հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ և կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին: Ի դեպ, «Ոսկե Ծիրան» 15 – րդ կինոփառատոնի գործընկերներից է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը տոնում է վերստեղծման 25-ամյակը: Այդ առիթով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական համերգ: Ավելի քան 25 տարի աշուղական երգերի պահմանման , զարգացման և տարածման պատասխանատվությունը Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ իր վրա է վերցրել Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Տոնական համերգին, որպես պատվավոր հյուր, ներկա է եղել նաև Ռոզա Ծառուկյանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կալանքից ազատ է արձակվել: Դատարանը նրա խափանման միջոցը փոխլ է՝ հաշվի առնելով ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի դատարան ներկայացրած անձնական երաշխավորությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ուժային եռամարտի Հայաստանի հավաքականին, որը վերջերս հաղթական ելույթ էր ունեցել Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում: Մեր ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճել էր 23 մեդալ, որոնցից 18 ոսկե, 4 արծաթե և մեկը բրոնզե: Հաղթանակով վերադաձած մարզիկներին Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ չնայած մարզաձևն օլիմպիական չէ, սակայն ինքը, որպես հայրենական սպորտի ղեկավար, պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը՝ այն զարգացնելու համար