Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այս տարվա առաջին դատական նիստը դեռ չսկսած ընդմիջվել է: Այդ ընթացքում Հայաստանի 2-րդ նախագահը մոտեցել է դատարանի մոտ ակցիա իրականացնող աջակիցներին ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ խնդրել նրանց տուն գնալ: Առաջին անգամ դատարանի մոտ է եղել նաև Սեյրան Օհանյանի կինը: Ռուզաննա Խաչատրյանը «Էպիկենտրոն»-ին ասել է, որ Արցախի նախագահը գեներալ Օհանյանին արգելել է մասնակցել ռազմական գործողություններին: Իսկ նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները բացարկ են հայտնել մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում է եղել նաև բալային համակարգի վերանայման օրինագիծը, ըստ որի՝ Ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների տուգանային համակարգի կիրառումը հետաձգվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: ԱԺ միջանցքներում Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանն անդրադարձել են ներքաղաքական հարցերին, իսկ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խոսել է վերջին թանկացումների մասին:
Այսօր Հրանտ Դինքի սպանության տարելիցն է: Ուղիղ 14 տարի առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց սպանվեց Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը: Անվախ ելույթներով ու քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով աչքի ընկնող Դինքն այն քիչ մտավորականներից էր, որը բարձրաձայնում էր հայ և թուրք ժողովուրդների բարեկամության, Թուրքիայի ժողովրդավարացման մասին: Նրա սպանությունից 14 տարի անց Թուրքիան ավելի է կոշտացրել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Դրա վկայությունն Անկարայի մասնակցությունն էր արցախյան 2-րդ պատերազմին:
ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների ելույթների մեծ մասը նվիրվել է գերիների խնդրին: Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է,որ գերիների հարցը շուտափույթ լուծում չունի: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է այսօր Սյունիքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ սիսիանցիներ, նշելով, որ մտադիր են թույլ չտալ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը մարզ, փակել էին ճանապարհը: Այդ պահին ճանապարհով անցնելիս են եղել Շուռնուխից վերադարձող ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր իջել են մեքենաներից, բանակցել քաղաքացիների հետ: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ Սյունիքում տեղի ունեցածը հանրության ուշադրությունը շեղելու համար կեղծ քաղաքական օրակարգ ձևավորելու փորձ է:
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին ու Առողջապահության նախարարին: Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանին փոխարինելու է Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ Թորոսյանն այսուհետև կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: «Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv