Items filtered by date: Հինգշաբթի, 16 Հուլիսի 2020
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2020 22:40

Էպիկենտրոն 16.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրել են սահմանում և սահմանամերձ համայնքներում օրվա ընթացքում տիրող իրավիճակը: Օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն թույլ է տվել Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին գիշերը իրենց ունեցած զոհերի դիակները դուրս հանել տարածքից: Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է գիշերվա դիվերսիոն փորձին և նոր  մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածից: 

«Մինչ ՀՀ ԶՈՒ-ը բարձր մակարդակով կատարում է իր առաջ դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք»,- առավոտյան կառավարության նիստում հայտարարել է վարչապետը, նշելով, որ հակահամաճարակային կանոններին շատ խիստ պետք է հետևել: Առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության վերջին տվյալները: Արդարադատության նախարարն էլ ներկայացրել է «Հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հայտարարագրել նույնիսկ ավագանու անդամներին, համայնքների ղեկավարներին՝ սկսած նրանց ունեցվածքից մինչև թանկարժեք գնումներ և ուղևորություններ: Բադասյանը վստահեցրել է, որ օրենքի շնորհիվ Հայաստանը կդառնա աշխարհի ամենաառաջադեմ հայտարարագրման մեխանիզմ ունեցող երկիրը:

«Եռաբլուր»-ում վերջին հրաժեշտն են տվել հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին: Հուղարկավորության արարողությանը ներկա է եղել նաև երկրի ղեկավարությունը՝ վարչապետի և ՊՆ-ի գլխավորությամբ: Դիմելով հայ-ադրբեջանական սահմանին զոհված 4 զինծառայողների ընտանիքներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները»: Զոհված մայորին հուղարկավորել են զինվորական արարողակարգով: Գարուշ Համբարձումյանը ինժեներասակրավորային վաշտի հրամանատար էր, ունի երկու զավակ:

Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները գիշերը Տավուշի սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել, սակայն թեժ մարտից հետո հետ են շպրտվել՝ կրելով մեծ կորուստներ: Հայկական կողմը գիշերային գործողությունների ընթացքում զոհեր և վիրավորներ չի ունեցել: Դրանից հետո հակառակորդը սկսել է հրետակոծել Այգեպարն ու Մովսեսը, վնասվել է Այգեպարի մանկապարտեզը, Չինարիի հացի փուռը և հարակից տունը: Հակառակորդի անօդաչուի հարվածից այսօր վիրավորվել է Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Ադրբեջանը հայտնել է կորուստների մասին, սակայն զոհերի թիվ դեռ չի հաղորդվում: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում:

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերսկսած ռազմական ագրեսիային անդրադարձել են նաև խորհրդարանում: «Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս, որ տարածաշրջանային կայունությունն իրենց ձեռնտու չէ»,-ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի նախագահի երեկվա աղմկահարույց հայտարարություններին: «Ալիեւի գնահատականը ոչ այլ ինչ է, քան բարձր գնահատանք հենց Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Ազգային ժողովի դիվանագիտության վերջին օրերի փայլուն և արդյունավետ աշխատանքին»,-ասել է Մխիթար Հայրապետյանը:

Սահմանամերձ Տավուշի մարզում տարբեր տեսակի զինատեսակներով հայկական բնակավայրերը օրեր շարունակ հրետակոծելուց հետո հակառակորդը մի շարք ավերածություններ է արել՝ խաղաղ բնակչությանը պատճառելով մեծ վնասներ: Հուլիսի 13-ին ԱԹՍ-ներով թիրախավորվել էր նաև Բերդ քաղաքը, որի վրա երեք արկ է ընկել: Այգեպար, Չինարի գյուղերում ավերվել են մի քանի տասնյակ տներ, վնասվել են ավտոմեքենաներ: Բնակավայրերում կան նաև չպայթած արկեր, որոնք ՊՆ վերահսկողությամբ կվնասազերծվեն: Երեկ՝ հուլիսի 15-ին, հարաբերական անդորր է եղել և բնակիչները զբաղված են եղել իրենց առօրյա աշխատանքներով: «Էպիկենտրոնի» ռեպորտաժը Տավուշի սահմանամերձ բնակավայրերից:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։