Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին:«Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան: Սա հայրենական պատերազմ է»,- հայտարարել է նախագահը: ՖԲ-ում կատարած գրառման մեջ Հարությունյանը հավատով նշել է, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն կոչին, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրի անհատական մասնակցությամբ կկարողանան պատվով դուրս գալ այս փորձությունից:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Արձագանքելով Արցախում ընթացող պատերազմին ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններին՝ կուսակցության Քաղխորհուրդը ողջունել է Հայաստանի ու Արցախի բոլոր նախկին նախագահների բացառիկ հանդիպումը, նաև պահանջել հենց այսօրվա դատական նիստում լուծել խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Հայաստանի տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: ՊՆ-ն կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է որակել Բաքվի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել: ՊԲ-ն առավոտյան հաղորդել է կենտրոնական ուղղությամբ թշնամու ձախողված դիվերսիոն փորձերի մասին: Արծրուն Հովհաննիսյանը կեսօրին տեղեկացրել է,որ տարբեր ուղղություններում շարունակվող համառ մարտերը հիմնականում օջախային են. թշնամու զորքերի տարբեր խմբերը չեզոքացվում են: Ադրբեջանն այսօր ևս թիրախավորել է խաղաղ բնակավայրերը՝ հրետանի կիրառելով Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ:
«Ադրբեջանը և Թուրքիան մոռացել են, թե որ պետությունն է առաջատարը հետխորհրդային տարածքում»: Մոսկվայում կոշտ են արձագանքում Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու հավանականության մասին Անկարայի հայտարարություններին: Օվկիանոսի մյուս ափերին էլ թափ են առնում Արցախը ճանաչելու և թուրք-ադրբեջանական տանդեմին զինելու դեմ ուղղված գործընթացները: Ամերիկյան մուլտիմիլիոնանոց 3 ընկերություն արդեն կասեցրել է ահաբեկիչ պետությունների հետ ունեցած պայմանագրերը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv