Items filtered by date: Երեքշաբթի, 19 Փետրվարի 2019
Երեքշաբթի, 19 Փետրվարի 2019 23:05

Էպիկենտրոն 19.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ: Վարչապետ ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրու առաջ և շրջայց կատարել տուն-թանգարանի տարածքում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշին: Ամբողջ օրվա ընթացքում Դսեղում տիրել է տոնական տրամադրություն: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրն ընդունել է հազարավոր հյուրերի: «Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին»,- իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև արտասանել է Թումանյանի՝ իր ամենասիրելի քառատողը.«Հոգիս՝ տանը հաստատվել, Տիեզերքն է ողջ պատել. Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նկատել»:

Քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականի ապրիլյան ցույցերի ժամանակ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և մեղադրանք է առաջադրել 11 անձի՝ այդ թվում Մասիսի քաղաքապետին: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար, Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահը յուրացրել է ավելի քան 109 մլն դրամ, Ճամբարակի անտառտնտեսությունում էլ ապօրինի հատել են 504 ծառ՝ պետությանը պատճառվելով մոտ 85 մլն դրամի վնաս: Օրվա այս և մյուս ուշագրավ բացահայտումները՝ մեկ տեսաշարում:

«Զսպեք ձեր համակիրների կամ ֆեյքերի հարձակումները, փոխեք մամուլի հետ խոսելու տոնայնությունը և մի՛ փորձեք դասեր տալ»,- «Իշխանություն-մամուլ. համագործակցությո՞ւն, թե՞ հակամարտություն» թեմայով քննարկմանը հայտարարել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Նա ընդգծել է, որ մամուլի և իշխանության միջև երբեք չի կարող գործակցություն լինել, սակայն չի կարելի նաև հակամարտել:«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ ընդգծել է, որ իր ղեկավարած լրատվամիջոցի համար երբեք այնքան դժվար չի եղել աշխատել, որքան վերջին 9 ամիսների ընթացքում: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն, ի հակադրություն հնչած մեղադրանքների, նշել է, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա:

Այսօր լրանում է Հունգարիայում դաժանաբար սպանված սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը: Մարգարյանի իրավահաջորդի փաստաբանը նշել է, որ Սաֆարովի հանցանքը պետական աջակցությամբ ու պատվերով է եղել: Գուրգեն Մարգարյանը սպանվել էր 2004-ի փետրվարի 19-ին, երբ Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին։ Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի:

Ծաղկաձորում դահուկավարման հաճույքը վայելելու հնարավորություն ունեն նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Եվրամիության հայաստանյան գրասենյակի և «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ տեղաշարժման և տարբեր այլ խնդիրներ ունեցող երեխաներն ադապտիվ մարզագույքով սահում են Ծաղկաձորի լեռներում: Բարեգործական ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերում նաև Ծաղկաձորի ճոպանուղին:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը շարունակում է հացադուլը: Նա հայտարարել է, որ իր ֆիլմի արտադրական պրոցեսը շարունակելու համար բացված հաշվեհամարին արդեն փոխանցումներ արվում են և շաբաթվա վերջին կամփոփեն արդյունքը: Ռեժիսորը մեծ սուտ և կեղծիք է որակել Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ եղել են փաստաթղթերի հետ կապված բացթողումներ և այդ պատճառով էլ սառեցվել է երրորդ փուլով ֆինանսավորման գործընթացը: Իրականում՝ նախկին նախարար Լիլիթ Մակունցի ու ռեժիսորի հանդիպման ձայնագրությունը փաստթաթղթերի հետ կապված այլ բան են ասում:

Հայաստանի քաղաքական դաշտ մուտք է գործում նոր կուսակցություն՝ «Մեկ Հայաստան» անվամբ: Քաղաքական նոր միավորի հիմնադիրները տեղեկացրել են, որ իրենց գործունեության կենտրոնում արտաքին և ներքին մարտահրավերների հանդեպ բարձր դիմադրողականությամբ օժտված պետությունն է, որի շահին ստորադասվում են խմբային և անձնական շահերը:  

Մոտ ապագայում Ռուսաստանում չեղարկվելու է հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը: Հարցի վերաբերյալ քննարկումը ծավալվել է Երևանում՝ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին այսօր հայտնել է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով համատեղ նիստի արդյունքները: «Բարգավաճ Հայասատան» խմբակցության պատգամավորը նաև ներկայացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սոչի կատարած այցի մանրամասները: Նա նշել է, որ Սոչիում կուսակցության ղեկավարը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկով:

 

Երեքշաբթի, 19 Փետրվարի 2019 17:24

Քաղաքը Թումանյան է արտասանում

Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակը տոնական աշխուժությամբ է լցրել մայրաքաղաքի փողոցները: Անցորդներն «Էպիկենտրոնի» տեսախցիկի առաջ ասմունքել են, հիշել տողեր Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 19-ը` Թումանյանի հոբելյանն, ընդգրկել է կարեւոր իրադարձությունների ցանկում, եւ տարին լինելու է Թումանյանական: «Որբերի հայրիկի» երեւանյան թանգարանում «հյուրընկալվել» են բոլոր այն մտավորականները, որոնց թարգմանել եւ որոնց ընկերն է եղել Ամենայն հայոց բանաստեղծը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։