Քանի օր է՝ մամուլում ակտիվ քննարկվում է Արտակարգ իրավիճակների նախարարության ու նախարար Ֆելիքս Ցոլակյանի անունը: Ստորագրահավաք նախարարի դեմ, պաշտոնանկություններ, կրճատումներ: Ի՞նչ է իրականում կատարվում Արտակարգ իրավիճակների նախարարությունում.մեր գործընկեր Հայկ Նավասարդյանն է փորձել պարզել, զրուցել մնացողների ու հեռացողների հետ:
Հունվարի 1-ից գազի գնի փոփոխություն չի լինի, հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կարծիքով էլ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը դեռ նոր է սկսվել: Նրանք մասնակցել են ԲԷՑ-ի «Հաղթանակ» ենթակայանի շահագործմանը, որին ներկա է եղել նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ չի շփվել: Փոխարենը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներին անդրադարձել է նրա խոսնակը:
Ինչու՞ է Հայաստանը զիջել դիրքերը գործարարության հեղինակավոր «Դուինգ Բիզնես 2020» զեկույցում: Հարցն այսօր թեժ քննարկման է արժանացել կառավարության նիստում: Տնտեսական բլոկի պատասխանատուները վարչապետին ասել են, որ նահանջի պատճառներից մեկը այն է, որ Համաշխարհային բանկն այս տարի փոխել է գնահատման մեթոդաբանությունը: Նիստի ընթացքում գործադիրն ընդունել է գյուղատնտեսության ապահովագրության մասին որոշում, որի համաձայն, ապահովագրական վճարների կեսը կվճարեն գյուղացիները, մյուս կեսը՝ պետությունը: Մեկ այլ որոշմամբ էլ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները կիրականացվեն պետական վկայագրի միջոցով:
Հերթական նիստերի աշխատանքն ավարտելուց առաջ ԱԺ-ն այսօր քննարկել է օրենսդրական մեկ նախագիծ: Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և սահմանել, որ բոլոր մասնավոր հիվանդանոցները ռազմական դրության պայմաններում ենթարկվեն Առողջապահության նախարարությանը: Պատգամավորներին առաջին հերթին հետաքրքրել է, թե ինչու՞ է նախագիծը հրատապ կերպով բերվել խորհրդարան, և արդյոք կա՞ պատերազմի վտանգ: Այս և մինչև այսօր քննարկված բոլոր նախագծերը նիստի ավարտին դրվել են քվեարկության և ընդունվել:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է: Դատարանն այսօր բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանավորումը: Դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Բաբայանին ձերբակալելու վերաբերյալ որոշումը: Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի այսօրվա որոշումը համարել է աբսուրդ և նշել, որ այն կբողոքարկվի: Որոշման հրապարակման ժամանակ դատարանում է եղել նաև Արսեն Բաբայանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv