ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տոլմայի պատրաստման ավանդույթը գրանցել է որպես ադրբեջանական ուտեստ: Մինչդեռ Հայաստանում և Սփյուռքում յուրաքանչյուր տանտիկին կենցաղում եփում է ավանդական տոլմայի տարբեր տեսակներ: Տոլման՝ որպես տարածված և սիրված հայկական կերակրատեսակ, մատուցվում է նաև հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններում: Հայաստանում անցկացվում է Տոլմայի ամենամյա փառատոն, որտեղ ներկայացնում են տոլմայի օրինակներ: Ըստ Հրաչյա Աճառյանի ստուգաբանություն տոլի բառը նշանակել է խաղողի որթ, այստեղից էլ տոլմայի անվանումը՝ աղացած մսով եւ հացահատիկով և համեմունքով խճողակը խաղողի տերևով փաթաթած կերակուր: Ահա այսքան հանրագիտարանային նյութը ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարել է առ ոչինչ ու հայտնի չէ ինչպես տոլման ճանաչել է ադրբեջանական ծագման ուտեստ, գուցե համտեսելով ադրբեջանական ծագման ոչ միայն տոլման, այլեւ նավթադոլարները: Այդպիսի նախադեպ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի, ոչ վաղ անցյալում 425 հազար եվրոյով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարը Մեհրիբան Ալիեւային պարգեւատրել էր Մոցարտի ոսկե մեդալով: Մենք մեր բաժին տոլման դեռ չմարսած այս շաբաթ հերթը հասավ նաեւ քամանչային: Քամանչայի կատարողական արվեստը և այդ երաժշտական գործիքի պատրաստումը ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ: Միայն նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին էլ գրանցել է որպես հայկական մշակութային ժառանգություն: Ինչպես է Ադրբեջանը կարողանում շահել այլոց սրտերը ու գողանում հայկական մշակույթը, նաեւ այդ ֆոնին Հայաստանի կառավարության անգործության մանրամասները:
VIDEO NANE
Արու զավակ ունենալը հայ տղամարդու պարտականություններից մեկն է: Մի խինդ, մի ուրախություն է արու զավակի ծնունդը, անշուշտ հայ ընտանիքի համար ուրախալի է նաեւ առաջնեկ աղջնակի ծնունդը: Խնդիրը երկրորդ կամ երրորդ աղջիկ երեխայի ծնունդն է: Հայաստանի երիտասարդությունը բազմազավակ ընտանիք ունենալու ու յոթ երեխայով սեղան նստելու մտադրություն չունի: Խնդիրը սոցիալական է՝ հիմնականում կապված ցածր կենսամակարդակի հետ: Որքան զարգանում են երկրները, այնքան նվազում է ամուսնանալու ու ավանդական ընտանիք ունենալու ցանկությունը: Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին առաջին ահազանգողները եղան միջազգային կառույցները, նրանք որոշեցին, որ այսօր մենք ոչնչացնում ենք մեր ապագա մայրերին: Պատկերը նրանք ներկայացրեցին թվերով ու մոտ երեք տարի առաջ սկսած նախաձեռնությունը կամ քարոզչությունը նրանց խոսքով տվել է շոշափելի արդյունք: Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-102-106 տղա հարաբերակցությունը: 2014-ին 100 աղջկա դիմաց ծնվում էր 113 տղա, 2015-ին՝ 112 տղա, 2016-ին՝ 111,8 տղա: Եթե 2014-ին մեր երկրում հարաբերակցությունը խախտվել էր մոտ 9 տղայով, ապա 2017-ի առաջին կիսամյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա: Ստացվում է, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի հետևանքով նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44 տոկոսով:
Այն որ հայ ազգը հերոսներ ծնող ու հաղթող ազգ է երկու կարծիք լինել չի կարող: Մեր այսօրվա հերսը՝ հայոց բանակի կապիտան ու բազկամարտի աշխարհի գավաթակիր Սարգիս Ստեփանյանը, իսկապես հաղթող է: Մարդ, որը ոչ թե խոսափել է կյանքի դժվարություններից, այլ հաղթահարել դրանք ու շարժվել առաջ: Անգամ ծանր վիրավորվելը նրան չի խանգարել գնալ իր նպատակի հետևից:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի Հայաստանի թշվառության ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսով և կազմել 29.4%։ Չնայած աղքատության ընդհանուր մակարդակի նվազմանը, 3 մարզում աղքատությունն աճել է։ Ամենաաղքատ մարզը Շիրակն է, ամեն երկուսից մեկն աղքատ է: Վայոց ձորի ու Արմավիրի մարզերի աղքատներն է՛լ ավելի են աղքատացել: 2018-ին սպասվող թանկացումների մասին արդեն տեղյակ է հասարակությունը, սակայն ինչը որքան կթանկանա կիմանանք Նոր տարին փառահեղ նշելուց հետո միայն: Այդուհանդերձ ոմանք անում են այդ անշնարհակալ գործը եւ սկսել են կանխատեսում անել: Օրինակ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն օրերս հայտարարել էր, թե աղքատներին թանկացումը չի վնասում, նրանք փող չունեն և առևտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան։ Պարզվում է թանկացումները նստում են միայն ու միայն հարուստների շնչին, նրանք որ սիրում են յուղալի սնունդ ու համադամ ուտեստներ, ստիպված են չափավորել ախորժակը՝ հրաժարվելով այլեւս կոկորդին կանգնած վերջին պատառից: Աղքատներին միայն կարտոֆիլի հույսին թողած պատգամավորին էժան չի նստել իր հայտարարությունը: Ֆեյսբուքը նախաձեռնել է Հակոբ Հակոբյանի մանդատից հրաժարականի պահանջ: Դե Հակոբյանն էլ հակադարձել է՝ հրաժարական չի լինելու:
Ավելի քան երկու ամիս տևած քննարկումից հետո այս ուրբաթ վերջապես Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն: Քվեարկության պատկերը հետևյալն էր՝ 64 կողմ, 35 դեմ: Հաջորդ տարվա ֆինանսական ծախսերը, եկամուտները և դիֆիցիտը ներառող հաստափոր փաստաթղթին այո են ասել միայն իշխանական խմբակցությունները: Պետական բյուջեի միայն եկամտային մասը գերազանցում է մեկ տրիլիոն դրամը, որը ի կատար է ածվելու ուշիմ հարկատուների հաշվին: Շատից -քչից բիզնես ունեցողները հայրենանվեր գործ արած կլինեին, եթե այսօրվանից սկսեին մտածել 6մլրդ դոլարը տված անցած պետական պարտքը վերադարձնելու մասին: Պետական բյուջեի պակասուրդը եկող տարի էլ գրեթե անփոփոխ է մնացել ՝ մոտ 157 մլրդ դրամ, որը կլրացվի կրկին աշխարհի նիստուկացին տեղյակ դոնորների հաշվին: Ընդդիմադիր Ծառուկյան խմբակցությունն ու Ելքն անխնա քննադատել են ոչ միայն կրթական և առողջապահական հատկացումները կրճատած, թոշակի ու աշխատավարձի բարձրացում չնախատեսող բյուջեն, այլև Կառավարության գործունեությունն ընդհանրապես: ԱԺ անցած քառօրյայում վավերացվել է նաև Ռուսաստանից նոր՝ 100 միլիոն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը և ընդունվել Ընտանեկան բռնության վերաբերյալ աղմկահարույց օրենքը: Ընտանիքը պետք է լինի դասական՝ համոզված էր արմատական Հանրապետականը, ընդդիմադիրներն էլ պահանջում էին վերջ տալ ավանդականի սադոմազոխիզմին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv