Items filtered by date: Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 23.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր բոլորից վեր ծածանվել է նաև հայոց եռագույնը: Մարզաձևի տարվա կարևորագույն ստուգատեսում Հայաստանին ու հայկական սպորտին ոսկե հաղթանակ է պարգևել Հակոբ Մկրտչյանը՝ մրցաշրջանում ձևակերպելով ոսկե դուբլ: Գյումրեցի մարզիկն այս տարի չեմպիոն էր դարձել նաև Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում: Թաիլանդում 5 կիլոգրամով բարելավելով Եվրոպայի առաջնության իր ցուցանիշը՝ Հակոբ Մկրտչյանը նվաճել է հերթական տիտղոսը:

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, հայտնում են բժիշկները: Այս պահին նա գտնվում է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, անգիտակից վիճակում: Սպային ծեծելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանը: Միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու համար առգրավվել են դեպքի հարակից տարածքում եղած տեսախցիկները: Փոխգնդապետի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև պահեստազորի մի խումբ ազատամարտիկներ կառավարության շենքի դիմաց այսօր պահանջել են արդար քննություն:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել: ՊԲ տեսանկարահանող սարքերը արձանագրել են դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում չի բացառել, որ Ադրբեջանի հերթական սադրանքը կարող է պայմանավորված լինել Մնացականյան-Մամեդյարով՝ այսօր սպասվելիք հանդիպումով:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներն ամփոփել են Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի արդյունքերը: Ի թիվս քննարկված տարբեր հարցերի` ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացվել նաև ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի միջև տեղի ունեցած հայտնի վիճաբանությանից: ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրել է ադրբեջանցիներին՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, և նրանց չի հաջողվի խեղաթյուրել պատմական փաստերը:

Ի՞նչ հարցեր են քննարկել հայ պատգամավորները ռուս գործընկերների հետ: Մոսկովյան այցից մանրամասներ են ներկայացրել Հայաստանի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները: Հիշեցնենք,որ օրեր առաջ Ռուսաստանում կայացել էր Միքայել Մելքումյանի գլխավորած հանձնաժողովի և Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի համատեղ նիստը: Հայ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, նաև քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող թեմաներ: Հանձնաժողովների համատեղ նիստից հետո ընդունվել է հայտարարություն, համաձայն որի երկու խորհրդարանների հանձնաժողովականները տարին երկու անգամ կհանդիպեն, կքննարկեն օրակարգային հարցեր:

Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել արտահերթ նիստում ներկայացված Հարկային օրենսգրքի նախագծին, որը կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր: 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագծին կողմ է քվերակել 92 պատգամավոր: Մինչև քվեարկությունը «Լուսավոր Հայաստան»-ը պահանջել է հրապարակել այն անձանց անունները, որոնց վերադարձվելու են գումարները: Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ նշելով, որ խորհրդարանից գաղտնի ցանկ լինել չի կարող: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, կիսելով հնչեցված մտահոգությունները, ԲՀԿ-ն կողմ է նախագծին ։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած խիստ գնահատականները: «Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու: Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե ով մեզ հետ չի ազգի դավաճան է։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ»,-ասել է Վանեցյանը: Նա նաև հայտնել է, որ իր հետագա պլանների մասին կխոսի առաջիկայում:

«Սպան այդպիսի բան անի՞, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,- այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել ԱԱԾ տնօրենի հրաժարականից հետո Արթուր Վանեցյանի արած հայտարարությանը: Լոս Անջելեսում կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է, որ չկա ավելի մեծ անարգանք սպայի պատվին, քան այն, որ նա հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ: Լրագրողները Փաշինյանին խնդրել են նաև մեկնաբանել Անկախության տոնի առիթով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ուղերձները, որտեղ 3-րդ նախագահը խոսել էր հասարակության մեջ բաժանարար գծերի, իսկ 2-րդ նախագահը՝ քրտինքով եւ արյունով կառուցածը քանդելու վտանգի մասին: «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն»,-ասել է Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։